Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Բելգարյան. «Չարաշահել եմ նախագահի, կուսակցության եւ իմ ժողովրդի վստահությունը»

Դեկտեմբեր 25,2012 11:40

 Հատված ՀՀ տրանսպորտի եւ կապի ներկայիս նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հարցազրույցից:

ՖՈՏՈԼՈՒՐ

– Պարոն Բեգլարյան, գործադիրում չե՞ք քննարկել ՀՀԿական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի ծնոտը կոտրելու մասին հնչեցրած սպառնալիքը (իհարկե, երեկ նա ներողություն խնդրեց):

– Ընդհանրապես էդ հարցը մեզ մոտ ամենացավոտն է։ Բայց եկեք հասկանանք, որ մենք խոսում ենք ե՛ւ մամուլի ազատությունից, ե՛ւ ընդհանրապես մարդկային փոխհարաբերություններից։ Ես, իհարկե, չեմ ողջունում սպառնալիքների տոնով խոսելը, բայց կասկածում եմ, որ մարդը կարող է առանց պատճառի, անտեղի տեղը մյուսին վիրավորել։ Ինչ-որ նախաբան եղել է։ Ի վերջո, լրագրողը, որ զինված է կամերայով եւ միկրոֆոնով, կարող է այն պահից ձայնագրել, երբ իրեն ձեռնտու է։ Այսինքն՝ հավասարություն չկա։

– Նույն տրամաբանությամբ լրագրողն էլ չունի մանդատ, չունի զենք, ինչն ունի Մհեր Սեդրակյանը։

– Մհերը մենակ կանգնած էր ԱԺ-ի միջանցքում, որտեղ կանգնած էր լրիվ նույն հնարավորություններով եւ նույն դիրքով նաեւ լրագրողը։

Լավ, այնուամենայնիվ, երեւույթը Ձեզ համար ընդունելի՞ է։

– Ո՛չ, ո՛չ։

– Բայց Դուք եւս նմանատիպ պատմության մեջ հայտնվեցիք մոտ 2 տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ ապտակել եք ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին։

– Ես համաձայն չեմ Ձեզ հետ։ Ես երբեք նմանատիպ պատմության մեջ չեմ եղել։ Ուղղակի լրագրողներն են 2 տարի շարունակ իմ անունը արծարծել, երբ ուրիշների հետ եւս նմանատիպ պատմություններ են եղել։ Դա շատ անարդար է, որովհետեւ, եթե մնացած բոլոր պատմություններում կոնկրետ կա ծեծող կամ ծեծվող, կշտամբող կամ կշտամբվող, վիրավորող եւ վիրավորված, իմ դեպքում չկա։ Եթե որոշ մարդկանց շատ է պետք, որ յուրաքանչյուր միջադեպի առիթով իմ անունը շոշափվի, պիտի հիասթափեցնեմ, ես 2002թ.-ից աշխատել եմ թաղապետ, 90-ականներին աշխատել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, էս կարգի միջադեպերում ես երբեք չեմ հայտնվել։

– Չե՞ք ապտակել, չե՞ք ծեծել Կանդայանին։

– Մեր մեջ ինչ եղել է՝ երկուսիս խնդիրն է։ Այդ մասին ուրիշ ոչ ոք խոսելու իրավունք չունի։ Ո՛չ Կանդայանը, ո՛չ ես այդ մասին չենք խոսել։

– Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեցիք։

– Հարցը ապտակել-չապտակելը չէ։ Այդ պահին ես որոշեցի, որ շատ կարեւոր է իմ հրաժարականը, որովհետեւ որպես քաղաքապետ՝ ես այդ տիպի խոսակցություն չպիտի վարեի։ Ես գտա, որ դրանով չարաշահել եմ նախագահի, կուսակցության եւ իմ ժողովրդի վստահությունը։ Հասկանալով դա՝ որոշեցի հրաժարական տալ։

– Լավ, ո՞վ է մեղավոր։

– Էստեղ ո՛չ  Դոմինգոն է մեղավոր, ո՛չ Բեգլարյան Գագիկը, ո՛չ Կանդայան Արամը: Եղել է տղայական խոսակցություն:

– Երկար ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում տղամարդ էր փնտրում: Հիմա, որպես ունկնդիր, իմ տպավորությունն այնպիսին էր, որ, այնուամենայնիվ, տղամարդու պակաս կա երկրում:

– Համաձայն չեմ։ Մեր երկրում նորմալ տղամարդիկ շատ կան՝ թե՛ պաշտոնյա, թե՛ անպաշտոն։

– Հիմա հիմնավորե՞մ. տղամարդկային զրույցը դարձավ հրապարակային քննարկման առարկա ու, ի վերջո, հանգեցրեց Ձեր հրաժարականին։

– Ես իսկապես հասկացա, որ ի պաշտոնե նման զրույցներ վարելու իրավունք չունեի, որի համար ներողություն եմ խնդրում Երեւան քաղաքի բոլոր բնակիչներից։ Ժողովո՛ւրդ ջան, կներեք, որ մի զրույցի պատճառով հրաժարական եմ տվել եւ չեմ կարողացել 3,5 տարուց մի քիչ պակաս ծառայել ձեզ։

– Հիմա Դուք նեղացա՞ծ չեք գործող իշխանությունից։

– Ես նեղացած եմ միայն ինձանից։ Ուրիշ ումի՞ց պետք է նեղանամ։ Եթե զրույցը վարել եմ ես, եթե հրաժարականը տվել եմ ես, նեղանալու ի՞նչ խնդիր կա ինչ-որ մեկից։

– Պարոն Բեգլարյան, ամեն ինչ գաղտնազերծեցիք, կասե՞ք՝ ի վերջո, ինչից էր անհրաժեշտություն առաջացել ունենալ տղամարդկային զրույց։ Ի՞նչ էր կատարվել Դոմինգոյի համերգի ժամանակ։

– Նախ սկսենք նրանից, որ ես հրավիրատոմս չեմ ստացել, ես զանգ չեմ ստացել, որ Դոմինգոյի համերգին ներկա է լինելու նաեւ հանրապետության նախագահը։ Ես ստացել եմ տոմսեր՝ իրենց տեղերով։ Տոմսերը տվել եմ կնոջս, որը դասական երաժշտության սիրահար է, ընկերուհու հետ գնացել է համերգ։ Նստած է եղել իր տեղում։ Կանդայանը փորձել է մի քանի անգամ նրանց տեղափոխել, խախտել է էթիկայի նորմերը, հետո վերջում հասկացել է, որ մարդիկ նստած են իրենց տեղում եւ ոչ մեկին չեն խանգարում։ Ես հաջորդ օրը միայն մի բան եմ ճշտել նրա հետ՝ ի՞նչն է եղել պատճառը, դու չե՞ս նկատել, որ նրանք իրենց տեղում են նստած։

– Իսկ Ձեր տղամարդկային զրույցը որտե՞ղ է տեղի ունեցել։

– Իմ մեքենայի մեջ։

– Նախագահական նստավայրի տարածքո՞ւմ, թե՞ հեռու։

– Նախագահի նստավայրից դուրս։ Հետո քաղաքավարի իջել ենք մեքենայից եւ զրույցը շարունակել քաղաքապետարանում։

Զրուցեց Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31