Թեև ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ոչ թե ծրագրային ելույթ էր, այլ ընդամենը նախագահական ընտրություններում իր մասնակցության որոշման հրապարկումը ևս մի քանի օրով հետաձգելու համար ժամանակ շահելուն ուղղված դասախոսություն, այդուհանդերձ, այն մի շարք ուշագրավ շերտեր էր պարունակում:
Նախ` վերջին հինգ տարիների ընթացքում դա Լևոն Տեր-Պետրոսյանի թերևս միակ ելույթն էր, որում իշխանություններին ուղղված որևէ քննադատություն չկար: Լ. Տեր-Պետրոսյանը ակնարկներով, ենթատեքստերով քննադատում, պատասխանում, հակադարձում էր միայն տարբեր ժամանակներում ՀԱԿ-ից հեռացած ու իր անսխալականությունը կասկածի տակ առած իր երբեմնի զինակիցներին:
Թե ինչո՞ւ որևէ կերպ ՀԱԿ առաջնորդը չանդրադարձավ իշխանություններին, դժվար չէ կռահել: Նա ընհանրապես չխոսեց ներքին քաղաքականության մասին, քանի որ եթե խոսեր, ստիված էր լինելու անդրադառնալ ՀԱԿ-ի անդավաճան գործընկերոջը` «Բարգավաճ Հայաստանին»: Վերջինիս անդրադառնալու դեպքում էլ` Լ. Տեր Պետրոսյանը ստիպված էր լինելու առաջին նախագահի բարձունքից գոնե մի քանի քննադատական արտահայտություն հնչեցնել իր բոլոր սպասելիքներն ի չիք դարձրած «հայաստանածին» կուսակցության ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին:
Ու քանի որ, ինչպես իր ելույթում ասաց ՀՀ հիմնադիր նախագահը, արժեքները, սկզբունքներն ու քաղաքականությունը միանգամայն տարբեր կատեգորիաներ են և ինքը «բացարձակ պրագմատիզմի» կողմնակիցն է, նա գերադասեց ընհանրապես չանդրադառնալ քաղաքական դաշտի դեգրադացվածության ու ներկայիս վիճակի հիմնական պատճառներից մեկը հանդիսացած այդ կուսակցությանը:
Պրագմատիզմը նաև նյութական բաղադրիչ ենթադրող մտածողություն է, ու ըստ ամենայնի, ԲՀԿ-ի մասին որևէ բառ չասելը ինչ-ինչ պայմանավորվածությունների կամ ակնկալիքների արդյունք կարող է լինել: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ դրա պատճառով «ամենաարամատական ընդդիմադիր ուժի» առաջնորդը նախագահական ընտրություններից առաջ իր ամենասպասված ելույթում որևէ քննադատություն չուղղեց իշխանության հասցեին: Ինչևէ:
Կարդացեք նաև
Լևոն Տեր-Պետորսյանը, ինչպես արդարացիորեն խոստովանեց, շաբաթ օրը դասախոսություն էր կարդում: Նրա ելույթում հնչում էին քաղաքագիտական, դասագրքային ճշմարտություններ, որոնք սակայն իրական, ռեալ քաղաքականության հարթության հետ որևէ աղերս չունեն: Եթե անգամ ունեն, ապա միայն «բացարձակ պրագմատիզմի» և ոչ երբեք սկզբունքների, գաղափարների ու արժեքների տեսանկյունից:
Այդ ելույթից պարզ դարձավ, որ ՀՀ հիմնադիր նախագահի պատմական, եզակի կարգավիճակը կրող գործիչը սկզբունքներ, արժեքներ, պրագմատիզմ, իմա` շահ կատեգորիաներից գերապատվությունը տվել և տալիս է վերջինին: Դրանով նա խոստովանում է, որ նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու որևէ արգելք չունի: Ու երբ այս տեսանկյունից դիտարկում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը թե’ նախագահի պաշտոնում, թե’ ընդդիմության առաջնորդի կարգավիճակում, ամեն ինչ շատ ավելի պարզ ու մեղմ ասած, տխուր է դառնում:
Հենց այս մտածողությունն է, որ թույլ է տվել 1996 թվականի կեղծված ընտրությունները: Այս մտածողությունն է Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղից բերել Հայաստան, իշխանությունը հանձնել նրան, հռչակել թշնամի, հետո աջակցել, որ նա ընտրվի նախագահի պաշտոնում ու մասնակցել նրա երդմնակալությանը: Ռոբերտ Քոչարյանին նախագահ դարձրած այս նույն մտածողությունը պիտի ծներ Քոչարյանի նախագծած «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության գաղափարը:
Բացարձակ պրագմատիզմին տուրք տվող այս մտածողությունն է, որ Լևոն Տեր-Պետորսյանին թույլ է տալիս իր թեզերը հիմնավորելու համար հղում անել Սահմանադրությանը այն դեպքում, երբ իր քաղաքագիտական վերլուծության հանգույն համագործակցում է մի ուժի հետ, որի գրեթե ողջ գործունեությունը հիմնված է եղել իշխանության հետ ուս-ուսի տված սահմանադրությունը խախտելու վրա:
Արդեն իսկ հնչել են գնահատականներ, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում այդքան հանգամանորեն անդրադարձավ արևմտամետներ-ռուսամետներ հակադրությանը: Շատերի կարծիքով, այդպիսով ՀԱԿ առաջնորդը ցանկանում էր մեղմել Վարդան Օսկանյան- Լևոն Զուրաբյան գաղտնալսված առանձնազրույցում վերջինիս կողմից «ռուսական գիծը» պահելու մասին պնդումը: Բայց Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը ուշադիր կարդալիս ակնհայտ է դառնում, որ նա ոչ թե «սրբագրեց» իր ու իր ղեկավարած ուժի ռուսականությունը, այլ ճիշտ հակառակը` վերահաստատեց ու ամրապնդեց դա: Ի լուր նրանց, ովքեր հասկանում են նման ելույթների կոդավորված ասելիքը: Բայց դա Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի, իմա քաղաքական գործունեության, ամենախոցելի հատվածն է: «Ես գիտեմ այդ մարդկանց (քաղաքական դաշտը ռուսամետների ու արևմտամետների բաժանողների- խմբ.) մոտիվացիան, նրանք իբր թե արժեքներից են խոսում, իբր թե քաղաքական կողմնորոշումներից են խոսում, բայց ավելի շատ նկատի ունեն այլ բան` դրանք ավելի շատ գործակալական կողմնորոշումներ են, քան արժեքային կամ քաղաքական:
Նույնը վերաբերում է նաև, այսպես կոչված, ռուսամետություն քարոզողներին , նրանց մոտ էլ արժեքներն ու գաղափարախոսությունը, կամ քաղաքականությունը չէ, որ առաջնորդում են, այլ, ինչպես ասացի, գործակալական մոտիվացիան»: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա մերձավոր թիմի մի քանի գործինչները այն քիչ թվով ընդդիմադիրներից են, ովքեր տարբեր հիմնավորումներով դեմ են արտահայտվել ժամանակ առ ժամանակ քաղաքական օրակարգում հայտնվող լյուստրացիայի` խորհրդային գործակալների գաղտնազերծման նախաձեռնություններին: Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես կարելի է գուշակել նրա պնդումներից, գիտի` ովքեր են «գործակալական մոտիվացիայով» Հայաստանում խորացնում արևմտամետներ-ռուսամետներ հակադրությունը, բայց ոչ միայն չի հրապարակում նրանց անուններն ու անարգանքի սյունին չի գամում, այլ դեմ է, որ դա տեղի ունենա օրենսդրորեն, ինչպես սովետական կագեբեի լծից ազատագրված մի շարք հետխորհրդային երկրներ: Հետաքրիքր է` ինչո՞ւ:
Այդ հարցի անուղղակի պատասխանը գուցե կարելի է գտնել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետևյալ հատվածում: «Զրոյից որևէ բան արտաքին ուժերը չեն կարող ստեղծել: Այստեղ էլ կան մարդիկ, որոնց թվում է, թե եթե ինչ-որ լեզու գտնեն ինչ-որ արտաքին ուժերի հետ, այստեղ լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան, նախ դու այստեղ լիդեր դարձիր, որից հետո քեզ հետ այնտեղ հաշվի կնստեն»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը:
Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը ևս մեկ անգամ բարձրաձայնել է, որ ինքը լիդեր է և «այնտեղ» պետք է հաշվի նստեն իր հետ: Ու այն ինչ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում ասել է կատակով, անդառնալիորեն մոտ է իրականությանը: «Իհարկե, ես գիտեմ, ինչ եք սպասում, որ ասեմ: Բայց ձեզ հուսախաբ եմ անելու: Այս իմ ամբողջ ելույթը ինչի արեցի, ես սպասում եմ: Ես դիմել եմ բոլոր գերտերություններին, Ամերիկային, Չինաստանին, Ռուսաստանին, Եվրամիությանը, մինչև նրանց հավանությունը չստանամ, ես չեմ կարող ձեզ պատասխան տալ: Ուրեմն, խնդրում եմ, մի երկու օր էլ սպասեք, բոլոր գերտերությունները ինձ խոստացել են, հիմա իրենք գլուխ են ջարդում, նստած ստրատեգիան են որոշում, ինձ խոստացել են երկու օրից պատասխանել, երկու օրից դուք էլ այդ պատասխանը կստանաք»,- հայտարարել է ՀԱԿ առաջոնրդը:
Նա ճարտասանական հնարամտությամբ ըստ էության բացահայտել է իր վերջին տարիների գործունեության ստվերային կողմերը: Քանի որ, վերջին տարիների քաղաքական զարգացումները ցույց են տվել, որ Լևոն Տեր-Պետորսյանի որոշումներն ու կողմնորոշումները կարող են փոխվել անգամ Սմբատ Կարախանյանի մեկ հեռախոսազանգից: Ո՞վ գիտի` գուցե հենց նրա զանգին էլ սպասում էր Լևոն Տեր Պետորսյանը շաբաթ օրը` խոստանալով իր որոշումը հրապարակել երկու օր անց:
Հ.Գ. Սերժ Սրագսյանը ամբողջությամբ համապատասխանում է արևմտամետության ու ռուսամետության, մասնավորապես` հակառուս և հակաարևմտամետ չլինելու` Լևոն Տեր-Պետրոսյանի չափանիշներին: Նա ո’չ ռուսներին է մերժում, ո’չ եվրոպացիներին, ո’չ էլ ամերիկացիներին: Ո’չ հակառուս է, ո’չ հակաեվրոպացի, ո’չ էլ հակաամերիկանիստ: Գուցե դա էր պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում որևէ կերպ չքննադատեց գործող իշխանությանն ու Սերժ Սարգսյանին:
ՌՈԲԵՐՏ ՏԵՐ- ՍԱՐԳՍՅԱՆ
«168 ԺԱՄ»