ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն այսօր Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության համագումարից հետո Aravot.am-ի հետ զրույցում իր զայրույթը հայտնեց՝ Կոնգրեսից դուրս եկած քաղաքական գործիչների մասին: Խոսելով ՀԱԿ-ի տարբեր «գծերի» մասին՝ նա ասաց. «ՀԱԿ-ում կան նույն գծի վրա կանգնած մարդիկ: Ով որ հեռացել է՝ իր գործն է: Ես կարծում եմ ընդհանրապես հեռացողները նեղսրտել են, բացատրում են ինչու են հեռանում եւ սկսում են իրենց գործը՝ հակադրվել ՀԱԿ-ին եւ այլն եւ այլն: Ճիշտ չի: Հրանտ Բագրատյանը շատ կոնկրետ ասաց, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ամեն ինչ կգնա իր հունով: ես այստեղ պրոբլեմ չեմ տեսնում»: Մեր հարցին՝ կոնկրետ ո՞վ է հակադրվել ՀԱԿ-ին եւ ո՞ւմ նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Եթե ամեն մի ելույթի ժամանակ սկսում են ՀԱԿ քննադատել, դա նշանակում է նրանք չգիտեն, թե առաջիկայում ինչով են զբաղվելու»:
Մենք ճշտեցինք, այսինքն՝ նույնիսկ դուրս գալուց հետո պետք է թիմի պե՞ս գործել, նա պատասխանեց՝ «Թիմի հարցը չի: Եթե դու դուրս ես գալիս ինչ-որ տեղից ինչ-որ պատճառով, ես չեմ ասում՝ դա լավ է, վատ է, դրա մասին չեմ խոսում: Ես ասում եմ՝ տուր մի հատ բացատրություն, թե ինչու ես դուրս եկել: Մի անգամ բացատրում ես ու վերջ: Դրանից հետո դու քո կառուցողական գործը սկսիր, մենք էլ տեսնենք քո գործը եւ ոչ թե առիթով, անառիթ քննադատես»: Մենք փորձեցինք հստակեցնել՝ ո՞ւմ նկատի ունի՝ Արամ Սարգսյանի՞ն, Դավիթ Շահնազարյանի՞ն, նա պատասխանեց. «Ես անուններ չեմ տալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև