Ռուսաստանի վերահսկիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը վարչապետ Դմիտի մեդվեդևին առաջարկել է Երևանի հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին տալ ազգային հետազոտական համալսարանի կոչում: Մինչ այժմ ՌԴ կառավարությունը միայն ռուսական բուհերին է նման կարգավիճակ տվել: Գրում է «Իզվեստիա» թերթը:
Մեդվեդևին հասցեագրված Ստեպաշինի նամակում ասվում է, որ Սլավոնական համալսարանի զարգացման նոր փուլը կարող է լինել նրան ազգային հետազոտական համալսարանի կարգավիճակ տալը, ինչը առավելագույն բարենպաստ պայմանները կստեղծի բարձր մակարդակի ռուսալեզու կադրերի պատրաստման և հետխորհրդային տարածքում ռուսական կրթության առաջխաղացման համար:
Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը թերթին ասել է, որ բուհի բազայի հիման վրա ԱՀՀ ստեղծելը հայկական կողմի գաղափարն է. «Ռուսական կրթությունը շատ է տարածված Հայաստանում: Մեր բուհը ամենաբարձր վարկանիշն ունի տարածաշրջանում», – ասել է Դարբինյանը, – «Այժմ մենք միջպետական համաձայնության նախագիծ ենք մշակում»:
ԱԱՀ կարգավիճակ ստանալու համար Ռուսաստանի կրթության գիտության նախարարությունը պետք է հատուկ մրցույթ անցկացնի: Նախարարությունից թերթին հայտնել են, որ ԱԱՀ ֆինանսավորման ծրագիրը նախատեսված է միայն ռուսական բուհերի համար: Բացի այդ, մոտակա ժամանակներում չի ծրագրվում նման մրցույթ անցկացնել:
Կարդացեք նաև
Ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի, Հայաստանում ռուսական կրթության ֆինանսավորումը քաղաքական նպատակներ ունի.
«Ռուսաստանի համար դա այդ երկրում ազդեցությունը պահելու միջոց է: Հայ ժողովուրդը բավական ազդեցիկ է: Այս պահին Հայաստանը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետաքրքրությունների շրջանակում է: Այդ երկրները բազմաթիվ ուսումնական հաստատություններ են ստեղծում Հայաստանի տարածքում: Երևի պատահաբար չէ, որ Հայաստանի ԱՄՆ դեսպանատունը իրենց (ԱՄՆ-ի) դեսպանատներից ամենամեծն է աշխարհում»:
Զատուլինը համոզված է, որ Ռուսաստանը ավելի շատ գումար պետք է ծախսի նման նպատակների հասնելու համար, և որ Ռուսաց լեզվի ու ռուսական ծրագրերով դասավանդումը կապահովի արտասահմանցի ուսանողների հավատարմությունը Ռուսաստանի նկատմամբ և հասարակության ու իշխանության մեջ կամրապնդի ռուսամետ տրամադրությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ