«Կարեւորելով ունկնդրի պահանջները` վաղվա համերգը տոնի կվերածենք: Լինելու է միայն դրական մթնոլորտ ու դրական էմոցիաներ: Հայկական ուժերը աշխատում են միմիանց հետ եւ լավ արդյունքի հանգում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Sympo+Jazz=Christmas ամանորյա անակնկալներով լի համերգային երեկո: Համերգային ծրագիրը կընդգրկի ինչպես դասական, այնպես էլ հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ` նվիրված Ամանորին եւ Սուրբ Ծնունդին:
Հայաստանի Պետական ջազ–նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի համոզմամբ նա գործ ունի երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, ովքեր չեն վախենում ժանրային փոփոխություններից.«Մեզ հետ բերում ենք ուրիշ հնչողություն ու տրամադրություն, իրար լրացնում ենք, որը շատ օրագանական է ստացվում: Սա համաշխարհային երաժշտական ժառանգություն է, ինձ համար տոն է եւ հարմար առիթ ներկայացնելու որակյալ երաժշտություն»:
Հայաստանի վաստակավոր արտիստ, ջազմեն Վահագն Հայրապետյանի խոսքով նախաձեռնության սկիզբը դրվեց այս համերգից մեկ համերգ առաջ. «Միավորեցինք այսօրվա ամենաերիտասարդ ու կարկառուն ուժերին, միտքը կար, միայն թե հարմար առիթ ու հրող հանագամանք էր պետք այն իրագործելու համար: Պատահական ոչինչ չի լինում, մենք զգում էինք, որ ինչ որ բան պետք է անել»:
Նրա պնդմամբ մշակույթն է, որ մեր ժողովրդին կմիավորի: Ժողովրդին պետք է տալ որակյալը, ինքը հաստատ դա կվերցնի:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ