Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուն պետք է հարկայինին տրամադրի իր աշխատողների տվյալները` սկսած հեռախոսահամարից ու անձնագրային տվյալներից

Դեկտեմբեր 24,2012 19:01

Եկամտային հարկի մասին նոր օրենքը, գործատուների հոգսը թեթեւացնելուց բացի, անհարմարություններ էլ կարող է պատճառել: Եկամտային հարկի մասին նոր օրենքով գործատուները  պարտավոր են էլեկտրոնային հաշվետվություններում ներկայացնել նաեւ աշխատողի մասին անձնական տվյալներ` բնակության հասցեն, փաստացի գրանցման հասցեն, անձնագրային տվյալներ, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը եւ այլն, ինչը ՀՀ Սահմանադրության եւ  անհատական տվյալների մասին օրենքի խախտում է համարվում: Գործատուներն այսօր, ինչպես իրենք են ասում, հայտնվել են 2 քարի արանքում. մի կողմից հարկայինը պահանջում է աշխատակիցների տվյալները, մյուս կողմից աշխատակիցը շատ հանգիստ կարող է թույլ չտալ, որ իր տվյալները գործատուն տրամադրի հարկայինին: Բայց եթե գործատուն որեւէ տվյալ պակաս տրամադրի` հարկայինի կողմից` կտուգանվի:

Aravot.am-ը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով են հավաքագրվում աշխատակիցների անձնական տվյալները եւ ինչո՞ւ պետք է գործատուն տուգանք մուծի, եթե, օրինակ, աշխատակիցը, միանգամայն օրենքի սահմաններում կարող է չցանկանալ, որպեսզի իր անձնական տվյալները տրամադրվեն հարկային մարմնին:

«Որեւէ խնդիր չկա, որովհետեւ գործատուն տվյալ դեպքում կատարում է հարկային գործակալի պարտականություններ եւ պետք է հստակորեն իդենտիֆիկացնի աշխատակցին, քանի որ դա կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանության ներքո է: Այսինքն` նա կուտակումներ է անում եւ համապատասխան գումարներ է փոխանցում հենց այդ աշխատակցի ֆոնդին, որը կոնկրետ աշխատակցի գումարն է: Եթե նա ճշգրտորեն չիդենտիֆիկացնի այդ աշխատակցին, ձեր աշխատած գումարները կարող են ընկնել, ասենք, իմ հաշվին, ինչը, կարծում եմ, ձեզ համար ցանկալի չէ: Էլեկտրոնային հասցեն նրա համար են պահանջում, որպեսզի քաղաքացիները ծանուցվեն կուտակային հաշիվներում եղած իրենց գումարների մասին, դա էլ ամենաէժան ճանապարհն է, որպեսզի կենսաթոշակային բարեփոխումները թանկ չնստեն քաղաքացու վրա: Այդ  տեսակետից, եթե նայում ենք, ամբողջովին սա պայմանավորված է կենսաթոշակային բարեփոխումներով, եւ քաղաքացուն ճշգրիտ տեղեկություն տալու, թե ինչ գումարներ ունի եւ այդ գումարներն ամբողջովին եւ ճիշտ փոխանցելու, եթե սա մենք չենք անում, քաղաքացին է տուժում»:
Մեր հարցին, եթե քաղաքացին, այնուամենայնիվ, հրաժարվի անձնական տվյալները տալուց, ինչի իրավունքն օրենքով ունի, գործատուին հարկային մարմինը, կրկին օրենքով, կարող է տուգանել, ինչպես պետք է լուծվի օրենքների տարաձայնությունը, պարոն Գաբրիելյանն ասաց. «Կարծում եմ, որ դա կարելի է աշխատանքնային կարգով ճշտել, եթե մինչեւ վերջին տվյալը չճշտվի, այդ փոխանցված գումարները, կուտակումները կլինեն սխալ եւ դրանից պետք է խուսափել եւ կարծում եմ, որ այդտեղ սահմանադրական իրավունքների խախտում չկա, եւ գործատուն, այսպես թե այնպես, պիտի ունենա այդ տվյալները: Աշխատակիցները աշխատանքի ընդունվելիս այդ տվյալները բարեհոժար տալիս են: Ես կարծում եմ այս ողջ հարցերը խիստ մանրամասն քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումների կոնտեքստում: Եթե մենք չիդենտիֆիկացնենք քաղաքացուն, ի՞նչ է ստացվելու, այսինքն` ինքը չի կարող հրաժարվել կուտակայինին մասնակցելուց, եթե դնում ենք համակարգ եւ այդ համակարգը պետք է աշխատի եւ այս առումով, նա պետք է այդ տվյալները փոխանցի»:
Aravot.am-ի հարցին, թե կա քաղաքացիների մի զանգված, որոնք չեն ընկնում բարեփոխումների տակ եւ նրա՞նց անձնական տվյալներն ինչու պետք է փոխանցվեն, նախարարն պատասխանեց. «Գործատուն պետք է որոշակի ֆորմատով տվյալներ փոխանցի, հիմա, եթե մենք դնենք ծրագրային ապահովում, որ տարբեր տարիքային խմբի, սեռատարիքային կազմի եւ զբաղմունքների համար տարբերություն լինի մենք կյանքում չենք կարող այդ բարեփոխումներն իրականացնել, որովհետեւ կպահանջվի ահավոր մեծ բարդության գործիք, առանց այդ էլ բավականաչափ բարդ է այդ փոփոխությունը: Եվ դա կպահանջի շատ ավելի  բարդ ընթացիկ պահպանում համակարգի: Դրա համար ընտրվել են հետեւյալ լուծումները: Այդ տվյալները, թե’ հարկային մարմինը, թե’ կենսաթոշակային մարմինը երրորդ անձանց տալու իրավասություն չունեն, նրանք դառնում են այդ գաղտնիքի կրողը: Չեմ կարծում, որ բնակչության այն սեգմենտի մոտ, որը չի ընկնում բարեփոխումների տակ, ահագնանա հուժկու բողոքի ալիք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31