Aravot.am-ը Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, լսե՞լ է արդյոք երկրի նախագահի ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթը, որտեղ խոսք կար նաև գործարարների համար նպաստավոր միջավայր ստեղծելու մասին: « Պետք է անկեղծ պատասխանեմ, չեմ լսել, մեկնաբանություններն եմ լսել, բայց ես, ճիշտն ասած, էդքան առողջություն չունեմ Սերժ Սարգսյանի ելույթը լսելու համար:Գոնե գործի բնույթով պարտավոր էի լսել, բայց, իրոք, ես խնայում եմ իմ առողջությունը: Ես վաղուց արդեն, մոտավորապես 4 ու կես տարի Սերժ Սարգսյանի ելույթներին լուրջ չեմ վերաբերվում, ես շատ անկեղծ եմ ասում, առաջին մի քանի ամիսներին, երբ որ սկսեց նախագահել, փորձում էի հասկանալ` էս մարդը ռեալ ինչ-որ բան ուզո՞ւմ է անել, թե՞ ոչ: Մոտավորապես 6 ամիս հետո ես հասկացա, որ որևիցե բան ինքը չի անում, այսինքն ելույթը 180 աստիճանով տարբերվում է իր կատարած գործերից: Եվ հենց որ հայտնաբերեցի էդ փաստը, համոզվեցի, որ նրա խոսքերը կապ չունեն գործերի հետ, դադարեցի Սերժ Սարգսյանի ելույթները լսելուց ու լուրջ վերաբերվելուց», -պատասխանեց մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ