Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Կիրթ մարդը նաեւ մշակութային դաստիարակություն պիտի ունենա

Դեկտեմբեր 24,2012 17:47

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Խ. Աբովյանի անվան հայկական  պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) Գեղարվեստի ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, դասախոսների, շրջանավարտների եւ ուսանողների ցուցահանդեսը: Այն նվիրված էր ՀՊՄՀ-ի 90-ամյակին:

Ներկայացված էին մասնավորապես բուհի նկարչական բաժնի ստեղծողների` Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Վահրամ Խաչիկյանի, Արտաշես Հունանյանի եւ Հմայակ Ավետիսյանի աշխատանքները:

«Այս մարդիկ այսօր հանրապետությունում ճանաչված նկարիչներ են, Հայաստանի նկարիչների միության անդամներ են: Ինչպես գիտեք`գեղագիտական կրթությունը մարդու զարգացման կարեւորագույն օղակներից մեկն է»,- նշեց արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը:

Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ շատ է խոսվում գիտելիքի կարեւորության եւ գիտելիքահեն հասարակության ստեղծման մասին, նաեւ նշեց, որ  միայն գիտելիքը մերկ եւ անիմաստ զենք է, եթե չունի արժեք. «Արժեքները ստեղծվում են մշակութային կյանքի եւ գործունեության շնորհիվ: Կրթությունը եւ մշակույթը նույն շքանշանի երկու երեսներն են: Կարծում եմ, որ կիրթ մարդը միաժամանակ պետք է լինի մշակութային դաստիարակություն ստացած մարդ, իսկ այդ մարդը նախեւառաջ պետք է լինի կիրթ մարդ: Ուրախ եմ, որ այսօր կրթական օջախներից մեկը` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը մեր հասարակությանն է «մատուցում» նման նկարիչների, ինչպես նաեւ ուսանողների աշխատանքները»:

Մարզպետ Խուդավերդյանը սովորում է ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի  երրորդ կուրսում: Ցուցահանդեսին ներկայացրել էր մեկ աշխատանք` «Դաշտային ծաղիկներ» վերնագրով: Ասաց, որ գեղանկարի վրա աշխատել է մեկ շաբաթ:

Նաիրի Բալաբեկյանը նույնպես Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող է: Սովորում է գծագրության եւ կերպարվեստի բաժնի չորրորդ կուրսում: Նա նշեց. «Ներկայացրել եմ մեկ գեղանկար, որի վրա աշխատել եմ ջրաներկով եւ խառը տեխնիկայով»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31