«Այդ հարցը Տեր-Պետրոսյանին է հասցեագրված, բայց կարելի է ենթադրել. ենթադրություններս էլ չեմ ուզում հրապարակել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով շաբաթ օրը ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ արեւմտամետների եւ ռուսամետների քարոզչության դասակարգումներին, ասաց ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ առիթով ասվածը վերաբերվո՞ւմ էր ՀԱԿ-ից հեռացած այն մարդկանց, ովքեր վերջին շրջանում քննադատում են առաջին նախագահին, մասնավորաբար՝ Դավիթ Շահնազարյանին, Արամ Սարգսյանին, ովքեր մշտապես խոսել են «Հայաստանի պորտալարը Ռուսաստանից կտրելու» համատեքստում: «Չի բացառվում: Ասացի, ինքս ենթադրում եւ տրամաբանում եմ, թե ում է հասցեագրված, բայց հիմնականում ենթադրության շրջանակում է եւ չեմ ցանկանում հրապարակել»,- ասաց Պետրոս Մակեյանը՝ հավելելով, որ ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի ելույթից այսպիսի տպավորություն է ստացել. «Ինքը լավ բնութագրեց. ասաց՝ դասախոսություն կարդացի, դե մենք էլ լսեցինք»:
Այն, որ ՀՀՇ համագումարին չէին մասնակցում ՀԱԿ-ի առանցքային դեմքերը, ինչպիսիք Նիկոլ Փաշինյանն է, Տեր-Պետրոսյանի մտերիմ շրջապատից Սասուն Միքայելյանը, արդյոք վկայությունն է նրա, որ ՀԱԿ-ը վերջնական տրոհման փուլում է՝ Aravot.am-ի հարցին Մակեյանը պատասխանեց. «Գնահատականը շատ խիստ է, բայց մասնակցել-չմասնակցելով չի կարելի նման որակումներ տալ: Ես իրենց մեկնաբանությունները չեմ լսել, բայց դրանից ենթադրել, որ ՀԱԿ-ը տրոհվում է՝ ճիշտ չէ: Իսկ որ ՀԱԿ-ում խնդիրներ կան, ես բազմաթիվ անգամներ եմ ասել»:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում ի՞նչ կտա առաջին նախագահի առաջադրումը, հնարավո՞ր է այժմ իշխանափոխության հասնել: Մակեյանը լավատես է. «Եթե առաջադրվում է, լուրջ հայտ է ներկայացվում, հանրությանը մեսիջներ են տրվում, այդ դեպքում, ես կարծում եմ հնարավոր է հաղթանակով հարցը լուծել: Այն, ինչը որ չկատարվեց 2008-ին, հնարավոր է հիմա անել»:
Այսօր կայացած համագումարում «Ազատություն» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունն ՝ առաջիկա նախագահական ընտրություններում. որքանո՞վ է հնարավոր լիբերալ գաղափարախոսությամբ ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ՝ մեր հարցին, Մակեյանն աաց. «Մեր կուսակցությունը վարչախմբի դեմ 15 տարվա պայքարի ճանապարհ եւ դառը փորձ ունի. մենք ուզում ենք, որ պայքարն ավարտվի իշխանափոխությամբ: Իսկ հենց այնպես մասնակցել նախագահական ընտրություններին, մեր կուսակցությունն այդ տարբերակին համամիտ չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ