Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» դեմ հայց ներկայացրածը չէր եկել դատարան

Դեկտեմբեր 24,2012 17:21

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթ էր ընդունվել ընդդեմ «Առավոտի», 9 տարվա ազատազրկման դատապարտված, 2-րդ կարգի հաշմանդամ Ռազմիկ Աբրահամյանի ՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածելու համար 2 մլն. դրամի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը:

Այսօր նշանակվել էր նախնական անդրանիկ դատական նիստը:

Հայցվորը, որը վիճարկում է 9 տարի առաջ՝ 2003թ.սեպտեմբերի 26-ի «Առավոտի» «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» հոդվածը, այսօր դատարան չէր ներկայացել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նույն հայցում հայցվորը պատիվ է պահանջում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթից՝ 9 տարի առաջ տպագրված «62-ամյա պետերաստը խոստովանել է իր մեղքը» հոդվածը:

Դատական նախնական նիստին իր գրավոր առարկություններն է ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ, «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Վահագն Հովակիմյանը: Նա պահանջել է կիրառել հայցային վաղեմություն:

Դատարանը հայտարարել է դատաքննության փուլ անցնելու մասին:

Դատաքննությունը նշանակվել է գալիք տարվա հունվարի 9-ին ժ.15-ին:

Ի դեպ, «Առավոտը» չէր ներկայացել դատարան, քանի որ պատշաճ չէր համարել հայցվորի ձեռագիր հայցադիմումը: Պատշաճ չէինք համարել նաեւ երկու տարբեր լրատվամիջոցների դեմ (իրենց խմբագրական գաղտնիքներով եւ տարբեր կանոնադրություններով գործող) միաժամանակյա դատական գործընթացը:

Հիշեցնենք, որ երբ Լեռնապատի գյուղապետը դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, վիճարկելով նույն օրը նույն ժամին նույն վայրում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց նույն հոդվածում իրենց կարծիքը «Առավոտին» հայտնած քաղաքացիների գործողությունները, դատարանը երեք տարբեր դատավորների վարույթ ընդունեց այդ գործը, առանց հաշվի առնելու «Առավոտի» պահանջը՝ նույն ապացույցի առումով:

Հայցերը քննվեցին առանձին-առանձին: Իսկ այս դատարանում հայցվորը մի հայցադիմումով փորձել է ներքաշել երկու տարբեր լրատվամիջոցներին՝վիճարկել տարբեր հրապարակումները, դրանով իսկ խախտելով ոչ միայն հայցային վաղեմության, այլ՝ ԶԼՄ գործող օրենքի մի շարք դրույթներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31