Լրահոս
Օրվա լրահոսը

3 տարվա ազատազրկում` գեներալ Մանվելի մարտական ու Սերժ Սարգսյանի կուսակից ընկերոջը

Դեկտեմբեր 24,2012 17:09

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ 3 տարվա ազատազրկման դատապարտեց 55-ամյա գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանին` միաժամանակ որոշելով հօգուտ պետության նրա գույքից բռնագրավել 3 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ 4 տարի շարունակ Արցախյան հերոսամարտին մասնակցած ազատամարտիկի դեմ հարուցվել էր քրեական գործ «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու և 2006-ից մինչև 2011 թվականի մարտ ամիսը շահադիտական նպատակով զինվորական կենսաթոշակ ստանալու համար»:

Aravot.am-ը ազատամարտիկի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանից հետաքրքրվեց, թե ո ՞ ր ունեցվածքով է Հովհաննես Բաղդասարյանը փոխհատուցելու պետությանը հասցրած վնասը, երբ չէր կարողանում անգամ դատերին ներկայանալ սոված ու հյուծված լինելու պատճառով: Նշենք, որ ազատամարտիկին զրկել էին անգամ անվճար դեղեր ստանալու իրավունքից, չնայած որ նա գրանցված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, և նյարդային լուրջ խնդիրներ ունի: «Իմ պաշտպանյալը իրոք ոչինչ չունի, ոչ տուն, ոչ գույք, զրկված է թոշակից: Այս հարցը կարծում եմ օդի մեջ կմնա: Չգիտես ինչի են հասնում նման արդարադատություն իրականացնելով. 4 տարի պատերազմի դաշտում կռված ազատամարտիկին բարոյալքում են , ազատազրկման են դատապարտում, հասարակության ուսերին էլ բեռ են դնում, որ ազատամարտիկին պահեն ազատազրկման վայրում: Սա՞ է արդարադատությունը: Իսկ նրան ազատության մեջ թողնելով ` միգուցե շանս տային, որ թոշակավորվեր, ու այդ թոշակով գոնե պետությանը հասցրած վնասը հետ գանձեին, եթե իհարկե մի պահ ընդունենք, որ նա իրոք մեղավոր է, թեև նման բան չկա»,- ասաց փաստաբանը:

Մեր այն հարցին էլ` մի տեսակ շաբլոն չէ՞ դատարանի վճիռը, գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանին էլ նույն հանցակազմով դատեցին, նույն պատժաչափը պահանջեցին, հետո էլ մահվան հասցրեցին, Թամարա Յայլոյանը այսպես արձագանքեց. «Ըստ իս, սա պատվեր է, և ոչ մի դատավոր չի կարող էդ պատվերից դուրս որոշում կայացնել: Հստակ ցուցակ են տվել ձեռքերը` ասելով, որ այսինչ-այնինչ ազատամարտիկին իբրև թե ապօրինություն կատարելու համար դատապարտեք ու փողերը գանձեք: Սրանով վարկաբեկում են մեր պետությանը, իսկական թալանչիներին ու գողերին թողած ազատամարտիկներին են թալանչի հանում ու նրանցից բռնագանձված փողերով ուզում են պետական բյուջեն լցնել, որ նպաստ ու թոշակ բաժանեն: Եթե պետության հույսը մնացել են աղքատ ազատամարտիկները , ազատամարտիկները իրենց աչքին թալանչիներ են , ուրեմն այս պետության ապագան իրոք վտանգված է»:

Մեր այն հարցին էլ, թե կբողոքարկե՞ն դատարանի այսօրվա վճիռը, փաստաբանը պատասխանեց` միանշանակ: «Հույս ունենք, որ գոնե Վերաքննիչում պայմանական ազատման կհասնենք, թե չէ այս երկրում արդարացման համար 9 տարի է պահանջվում, ինչպես որ տեսաք Մատաղիսի պարագայում: Իբրև թե ոչ մի դատավոր 9 տարվա մեջ չգիտեր, որ այդ երիտասարդները անմեղ են, 9-րդ տարում նոր համոզվեցին, կամ էլ հոգնեցին էդ գործից ու արդարացրին»,- վրոդվվեց Թամարա Յայլոյանը:

Նշենք, որ Հովհաննես Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով 325 հոդվածի 1-ին մասով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասով: Առաջին հոդվածով դատարանը ազատամարտիկին դատապարտեց ազատազրկման 1 տարի ժամկետով, սակայն ազատ արձակեց` կիրառելով համաներում, իսկ 2-րդ հոդվածով ` դատապարտեց 4 տարի ժամկետով եւ դարձյալ ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատեց ¼-ով եւ սահմանեց ազատազրկում 3 տարի ժամանակով:

Դատարանի դահլիճից ազատամարտիկին չկալանավորեցին, նրա նկատմամբ պատիժը կկիրառվի մյուս դատական ատյանների որոշումից հետո:

Նշենք, որ թեև ազատամարտիկն ու նրա շահերի պաշտպանը գրեթե բոլոր դատական նիստերում միջնորդում էին դատարան հրավիրել նաև գեներալ Մանվել Գրիգորյանին, որի գնդում է և 4 տարի շարունակ կռվել է Հովհաննես Բաղդասարյանը, և բնականաբար այս քայլով պարզ կդառնար ազատամարտիկը կոնտուզիա ստացել է պատերազմի դաշտո՞ւմ, թե՞ դրանից հետո, սակայն նրանց միջնորդությունը անընդմեջ մերժվում էր:Իսկ որ ամենատարօրինակն է, գեներալ Մանվելը ընդհանրապես չարձագանքեց իր մարտական ընկերոջ շուրջ ստեղծված աղմուկին, նմանապես և լռեց ՀՀԿ-ն` կես բառ անգամ չխոսելով իրենց կուսակցին անարդարացիորեն կամ միգուցե և արդարարացիորեն դատելու մասին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31