Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել տարեվերջյան մամուլի ասուլիս

Դեկտեմբեր 24,2012 17:01

 

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ներկա էին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը և ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության վարչության պետը ներկայացրել է անցնող տարում ՀՀ զինված ուժերում կառուցված և կապիտալ վերանորոգված շենք-շինությունների, արտաքին ջրամատակարարման, արտաքի լուսավորության համակարգերի վերանորոգման աշխատանքները: Պարոն Գիրգորյանը իր խոսքում նշել է, որ 2012 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի 90 սպաներ ապահովվել են նորակառույց բնակարաններով, մի շարք զորամասերի ենթակառուցվածքներ հիմնանորոգվել են: Մասնավորապես, կառուցվել են նոր 7 զորանոցներ՝ 970 քնելատեղերով, 3 ճաշարաններ՝ 700 նստատեղերով: Գալիք տարի, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության վարչության պետի խոսքով, ՀՀ մի շարք քաղաքներում զինված ուժերի պատկանող ավելի քան 5 բնակելի շենքերում կկատարվեն վերանորոգման աշխատանքներ, շահագործման կհանձնվի 3 բնակելի շենք՝ ապահովելով 153 սպաների բնակարաններով: Պարոն Գիրգորյանը վերջում ավելացրել է նաև, որ ՀՀ զորամասերում ննջասենյակներին կից կառուցվում են լոգարաններ, որպեսզի զինվորները ամեն օր երեկոյան քնելուց առաջ լոգանք ընդունեն, այլ ոչ թե շաբաթը մեկ անգամ:

ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը իր խոսքում նշել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները կրթվում են արտասահմանյան մի շարք ռազմական ուսումնական հաստատություններում: Մասնավորապես, ըստ պարոն Շիրինյանի, այս պահին Ռուսաստանում կրթություն են ստանում ավելի քան 250 հայ կուրսանտ և սպա։ ԱՄՆ-ում կրթություն ստացող սպաների և կուրսանտների թիվն այս պահին անցնում է 30-ից: Հայ զինծառայողները կրթվում են նաև Չինաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լիտվայում, Իտալիայում։ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետը խոսել է նաև սպաների որակավորման նոր համակարգի մասին, համաձայն որի՝ ավելի բարձր կոչման արժանանալու համար սպան պետք է նախ որակավորման դասընթացներ անցնի՝ մեկ շաբաթից մինչև 3 ամիս:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին նախ ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը ՀՀ զինված ուժերի սպայի պատվի կանոնների մասին, որը բաղկացած է 12 կետից.

1) հավատարիմ մնալ զինվորական երդմանը և խստիվ ու ճշգրիտ կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները.

2) հարգել Հայաստանի Հանրապետության պետական և զինվորական խորհրդանիշները, պաշտոնական լեզուն.

3) հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին և սովորույթներին, հարգել այլ ժողովուրդների ու ազգերի էթնիկական առանձնահատկությունները, ավանդույթները, սովորույթները.

4) դրսևորել դժվարությունները հաղթահարելու վճռականություն, անձնական օրինակով ծառայակիցներին քաջալերելու հաստատակամություն, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ՝ ցուցաբերել խիզախություն և համարձակություն.

5) բարձր պահել սպայի զինվորական կոչումը և ցուցաբերել հարգալից վերաբերմունք ու պահանջել նման վերաբերմունք զինվորական համազգեստի նկատմամբ.

6) արժևորել սեփական խոսքը, խուսափել անհարկի խոստումներից, պահպանել տված խոստումը՝ միաժամանկ գիտակցելով տրված խոստման հնարավոր բացասական հետևանքները.

7) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել զինվորական ծառայության շահերին.

8) հարգել պետի (հրամանատարի) և ենթակայի (ստորադասի) պատիվն ու արժանապատվությունը.

9) ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով.

10) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ, քաղաքավարի և օրինակելի.

11)           կարևոր Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը.

12) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի ձևավորմանը և պահպանմանը, որ զինվորական ծառայության համակարգը հիմնված է ազնվության, արդարության ու Հայրենիքի պաշտպանության գաղափարի վրա:

Խոսելով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այս տարվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման 16.100 դեպք, որից 14.250 ԼՂՀ-ի ուղղությամբ: «Մեր կողմից պատասխանը եղել է 9-10 անգամ քիչ, սակայն հակառակորդի կորուստներն անհամեմատ ավելի շատ են եղել: Մեր կորուստները հրադադարի խախտման արդյունքում եղել են 12 զոհ՝ 3 ԼՂՀ-ի հետ սահմանին, 9 ՀՀ-ի հետ սահմանին, ունեցել ենք 27 վիրավոր, որոնցից 3 եղել են քաղաքացիական անձինք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ 
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31