Կապանում շաբաթ օրը Դավիթ -Բեկ թաղամասի 10-րդ շենքի 10-րդ բնակարանում ծեր կնոջ դի է հայտնաբերվել: Սյունիքի մարզային փրկարար ծառայությունից տեղեկացրեցին, որ շաբաթ օրը, ժամը 20.44-ի սահմաններում, ահազանգ են ստացել, որ տվյալ բնակարանում ապրող՝ 1927թ. ծնված Սիրան Կարապետյանը տան հեռախոսազանգերին եւ դռան զանգերին չի արձագանքում եւ փրկարարների օգնությունն է անհրաժեշտ: Դեպքի վայր մեկնած հրշեջ- փրկարարները դուռը բացելով` 85-ամյա կնոջը գտել են հյուրասենյակում մահացած վիճակում:
Մեր ունեցած տեղեկություններով` Սիրան Կարապետյանը բնակարանում մենակ էր ապրում եւ չուներ ոչ մի խնամող:
Թաղամասի բնակիչների պատմելով` նրա տղաները Ռուսաստանում են ապրում, իսկ Սիրան տատը հազիվ էր կարողանում այդ տարիքում իրեն պահել, նորմալ չէր սնվում, որի պատճառով էլ նիհարել էր, իսկ գումարային օգնություն հարազատներից չէր ստանում: Փայտի գումար չունենալու պատճառով` ձմռան այս ցուրտ օրերին տունը տաքացնում էր տարբեր տեղերից հավաքած արկղերով:
85-ամյա Սիրան տատի դին հայտնաբերելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ