Իրավապահ համակարգն ունի գործունեության առանցքային ուղություններ, որոնք առանձնապես կարևոր են հասարակության անվտանգության ու ապահովության համար: Ամեն օր հանցագործություններ են կատարվում, և դրանք օպերատիվորեն, տաք հետքերով բացահայտելուց զատ, ամեն օր հետևողական աշխատանք է իրականացվում նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ:
Այս ուղությունը հատկապես առանցքային է ոստիկանության համար, որովհետև արդյունավետ է և կանխարգելիչ առումով, և, բնականաբար, յուրաքանչյուր այսպիսի բացահայտում հաստատում է օրենքի գերակայությունն ու ժխտում անպատժելիության միֆը: Ասել ենք՝ անկախ վաղեմությունից, ցանկացած հանցագործություն ունի իր հատուցման ժամը: Ոստիկանությունը շարունակելու է իրականացնել հենց այսպիսի ռազմավարություն: Որովհետև դա է պահանջում հասարակության, քաղաքացու, պետության շահը:
Դեռ տարեսկզբին ՀՀ նախագահը ոստիկանությունում, մանրամասն անդրադառնալով առկա թերացումներին և կարճ ժամանակահատվածում արձանագրած առաջընթացին, շատ հստակ ընդգծեց իր և հասարակության սպասելիքները ոստիկանությունից:
Այս տարի, ի թիվս այլ ուղությունների, լուրջ արդյունքներ գրանցվեցին հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղությամբ: «02» և «Հերթապահ մաս» հաղորդաշարերով բազմաթիվ առիթներ ունեցանք լուսաբանելու առավել հնչեղություն ստացած դեպքերը: Եվ այնուամենայնիվ, ոստիկանության ղեկավարությունը համոզված է, որ թափ առած գործընթացի արդյունավետությունը է պայմանավորված:
Կրկին տարեսկզբին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություններից մեկում խրախուսելով օպերատիվ աշխատակիցներին ուղիղ 20 տարի առաջ կատարված ծանր հանցագործության բացահայտման կապակցությամբ հստակ սահմանեց այսօրվա ու վաղվա ոստիկանության ռազմավարությունը:
Այո, չպիտի լինեն արտոնյալ հետախուզվողներ, ընդհանրապես ոստիկանի ձեռքը պետք է միշտ հանցավորության շարժընթացի զարկերակին լինի, և այսօր` տարևվերջին, թերևս կարող ենք հանդես գալ այս ոլորտի վերաբերյալ առանձին հաշվետվությամբ:
Նախ որոշ վիճակագրական տվյալներ ներկայացնենք, որովհետև թվերն առավել խոսուն են, հետո կոնկրետ փաստերով կամփոփենք:
2012-ի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետախուզում է հայտարարվել 1232 անձի նկատմամբ: նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ինչպես այս, անպես էլ նախորդ տարիներին կատարած հանցագործության համար հետախուզվող 1416 անձ: Ընդորում հայտնաբերվածներից 126-ը հետախուզման մեջ են եղել այլ երկրների իրավապահ մարմինների կողմից:
Ընդհանրապես ավարտվող տարին որակական լուրջ առաջընթաց է օտարերկրյա իրավապահների հետ համագործակցված ու արդյունավետ աշխատանքի առումով: Իսկ գրեթե բոլոր դեպքերում առանցքային է ՀՀ Ոստիկանության ՔՀԳ վարչության և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների դերակատարումը: Հիմա կոնկրետ փաստերի անդրադառնանք:
20 տարի առաջ, 1992-ի մայիսի 22-ին Երևանում, օրը ցերեկով, ծանր հանցագործության դեպք գրանցվեց: Մայակովսկի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հնչել էր ինքնաձիգի կրակահերթ: Երկու վիրավոր` մի երիտասարդ ու մի երեխա: Երիտասարդը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: 7-ամյա տղայի կյանքի համար բժիշկները մեկ ժամ պայքարել էին, ավաղ` ապարդյուն: Գլխի հրազենային վնասվածքը մահացու էր: Նախաքննական մարմնին հաջողվեց պարզել, որ կատարվածը քրեական որոշ շրջանակների միջև կոնֆլիկտի հետևանք էր. հանցագործների թիրախը երիտասարդն էր , երեխան` պատահական զոհ: Քննությամբ պարզվել էր նաև, որ հանցագործությունը կատարել էր Սմբատ Ինջաբեկի Գրիգորյանը` իր երեք ընկերների հետ: Բայց այն ժամանակ կասկածյալներին հայտնաբերել չէր հաջողվել և հայտարարվել էր հետախուզում: Անցած տարիների ընթացքում քրեական գործի վարույթը մի քանի անգամ կասեցվել ու վերսկսվել էր:
Եվ ահա այս տարվա գարնանը ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում նոր տեղեկություններ ստացան ՌԴ գործընկերներից: Սմբատ Ինջաբեկի Գրիգորյանը հայտնաբերվեց Օրենբուրգ քաղաքում և տեղափոխվեց Երևան` առերեսվելու պատժի անխուսափելիությանը:
Հիմա մեկ այլ ուշագրավ դեպք` 19 տարվա վաղեմության:
1993 թ. օգոստոսին Մեխակ Հովակիմյանը երեք ընկերների հետ ավազակային հարձակում էր կատարել Գավառ քաղաքի մի բնակչի տան վրա: Դանակահարել էին տանտիրոջը և հափշտակել 5միլիոն ռուբլի արժողության ոսկյա զարդեր և ադամանդներ: Տաք հետքերով կասկածյալներին հայտնաբերել չէր հաջողվել և նույն տարվա սեպտեմբերին նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Հետո որոնողական աշխատանքները կրկին փակուղի էին մտել: Արդեն այս տարվա աշնանը իրավապահների ջանքերն արդյունք արձանագրեցին, և օրեր առաջ, դեկտեմբերի 12-ին ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հովակիմյանը էքստրադիցիայի ենթարկվեց Հայաստան:
Օրեր առաջ` դեկտեմբերի 6-ին հայ ոստիկանները ևս մի հետախուզվողի հայտնաբերել և Հայսատան են տեղափոխել Հոլանդիայից: Հենրիկ Գրիգորյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել ոստիկանության Վանաձորի բաժինը` հափշտակության և փողերի լվացման համար:
Գրիգորյանը ինտերնետային կայքերից գնել էր ԱՄՆ քաղաքացիներին պատկանող և Նահանգների բանկերում սպասարկվող գողացված պլաստիկ քարտերի տվյալներ և բացելով էլեկտրոնային կեղծ հաշիվներ` գողացված քարտերի գումարները փոխանցել էր իր հաշվին: Կանխիկացրել էր մոտ ինն ու կես միլիոն դրամ: Հենրիկ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Ի դեպ, նրան Հոլանդիայից տեղափոխելը հաջողվեց Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի շնորհիվ:
Այս նոյեմբերի վերջին Մեղրիի ոստիկանները Մեղրիի մաքսակետում հայտնաբերեցին ինտերպոլի թուրքական բյուրոյի կողմից հետախուզվող մի թուրքի: Հայ ոստիկանները նրան կալանավորեցին ու տեղյակ պահեցին հետախուզումը նախաձեռնողին: Շարունակելով հարևան երկրների կողմից հետախուզվողների թեման ներկայացնենք նախկինում կատարված ևս մի ծանր հանցագործություն:
2007 թ. հուլիսին ՌԴ Սոչի քաղաքի Ադլերի շրջանում ՌԴ քաղաքացիներ Արթուր Կարագոզյանը և Գրիգորի Երեմյանը, ևս երկու հանցակցի հետ, կազմակերպել և իրականացրել էին ՌԴ մի քաղաքացու սպանությունը: Նրանք ապօրինի պահվող երեք տեսակի, տարբեր տրամաչափի հրազեններով կրակ էին բացել զոհի և նրան օգնության շտապող ընկերոջ վրա, վնասվածքներ հասցրել ապա և գնդակահարել գետին տապալված վիրավորներին: Նրանց կրակահերթերից վիրավորվել էր նաև պատահական մի անցորդ, բարեբախտաբար` ոչ մահացու: Հարուցվել էր քրեական գործ և հայտարարվել հետախուզում միջազգային մակարդակով: Օրերս, դեկտեմբերի 14-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի կողմից կազմակերպված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ հենց դիլիջանում հայտնաբերվեցին և ձերբակալվեցին 35-ամյա Արթուր Կարագոզյանն ու 29-ամյա Գրիգորի Երեմյանը: Զույգը կալանավորվեց:
Օրենքի գերակայություն, պատժի անխուսափելիություն, իրենց օրենքից դուրս, այսպես ասած արտոնյալ համարող սուբյեկտների բացառում, հասարակական կարգի արժանապատիվ պահպանում. սրանք ոչ խոսքեր են, ոչ էլ հասարակության համար հնչեցվող կարգախոսեր: Սրանք ուղենիշեր են, որոնցով ՀՀ ոստիկանությունն առաջնորդվում է իր գործառույթներն իրականացնելու ճանապարհին ի շահ հասարակության ու պետության:
ՀՀ ոստիկանություն