Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրագետ. Խոզի բդի «ավանդույթը» ներմուծված է դրսից

Դեկտեմբեր 24,2012 16:31

 

«Մինչ խորհրդային կարգերի հաստատումը Նոր տարին հայերի կենցաղում զգալիորեն տոնվող ժողովրդական տոներից էր, իսկ այսօր մեր կենցաղում պահպանվել է տոնի ավանդույթների մի մասը միայն: Ավելի վաղ շրջանում հայկական Նոր տարին կամ Նավասարդը տոնվում էր օգոստոսին, իսկ հունվարի մեկը որպես տարեսկիզբ, մեր կենցաղ է ներմուծվել 18-րդ դարում,-այսօր Peoplemeter մամուլի աումբում ասաց Հ. Շարամբեյանի անվ. ժող. ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն, ազգագրագետ Կարինե Բազեյանը, ապա հավելեց,- Նոր տարվա փոխարեն առավել մեծ շուքով տոնել են Բարեկենդանը, որը խորհրդանշել է գարնան զարթոնքը»:

Ազգագրագետը նշեց, որ նախկինում մեկնարկային տարին չի ունեցել իր խորհրդանիշ-կենդանին, հետեւաբար` չի խոսվել այն մասին, թե ինչ գույնի հագուստ պետք է կրել. «Ավանդաբար բոլորը ձգտել են պարզապես նոր հագուստ կրել, քանի որ Նոր տարին նորի խորհուրդ է պարունակել, ինչպես եւ հիմա: Բացի այդ, տնային տնտեսուհիները մաքրել են բնակարանները, ինչը այսօր էլ արվում է: Կարեւոր էր տոնը նշել մաքուր հոգով. եթե մարդիկ տարվա ընթացքում վիճել էին, տոնին հաշտվում էին: Այսօր չենք ձգտում պահել հոգու մաքրությունը, որը նախկինում արտահայտվել է մինչ Սուրբ Ծնունդը պաս պահելով»:

Խոսելով ամանորյա կերակրատեսակներից` Կարինե Բազեյանն ասաց, որ խոզի բդի «ավանդույթը» ներմուծված է դրսից. «Ավելին, հայերն իրենց կենցաղում գրեթե չեն օգտագործել խոզի միս: Փոխարենը օգտագործել են գառան միս: Տոնական սեղանին դրվել է տոլմա, ավելուկով աղցան, պասուց տոլմա, քուֆթա, չրով կոմպոտ եւ այլն»:

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը նշեց, որ տոնի նախաշեմին հայ կանայք ոչ միայն հետեւողականորեն պատրաստում են սեղանները, այլեւ` ուշադրություն դարձնում արտաքին տեսքին, որոշում` ինչ կրել Ամանորի գիշերը` տարվա խորհրդանիշ կենդանուն «չնեղացնելու» համար: Քաբաբյանի խոսքով. «Ջրային օձի տարում նորաձեւ են ծովային գույները` կանաչը, կապույտը եւ դրանց երանգները: Ակտուալ են նաեւ մետաղական փայլ ունեցող գույները, այնպես որ` սեպտեմբերի մեկին ոչինչ չխնայելու եւ փայլուն տեսք ունենալու փոխարեն փայլեք ամանորի գիշերը. դա միակ տոնն է, երբ պետք է փայլես` առանց խնայելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31