Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը հաղթահարել ենք, մնացել է հետեւանքը` աղքատությունը

Դեկտեմբեր 24,2012 16:26

«Մենք ճգնաժամը հաղթահարել ենք, բայց ոչ նրա հետեւանքները»,-այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախարարի` աղքատության մասին հրապարակած այն տվյալի առնչությամբ, որը վկայում է, թե աղքատությունը մեր երկրում ճգնաժամից հետո աճել է` դառնալով 34 %, լրագրողները կատակեցին` աղքատության աճն էլ ճգնաժամի հետեւանքն է:

Պարոն Գաբրիելյանը քիչ հավանական համարեց, բայցեւ չբացառեց ճգնաժամի 2-րդ ալիքի հարվածը: Ըստ նրա, ներկայումս միջազգային փորձագետների հետ խորհրդակցում են, հնարավոր 2-րդ ալիքին ավելի հեշտ դիմակայելու համար:

Ֆինանսների նախարարը ներկայացրեց անցնող տարում իրականացված աշխատանքները: 2012-ին հարկային եկամուտները, պետական տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 միլիարդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90.3 տոկոս կատարողական։ ԱԺ կողմից հաստատված նախագծի համաձայն՝ 2013 թ. պետբյուջեի եկամուտները կկազմեն 1032.8 մլրդ դրամ, ծախսերը՝ 1152.6 մլրդ, դեֆիցիտը՝ 119.8 մլրդ դրամ։ Ըստ նախնական կանխատեսումների՝ պետական պարտքը 2012 թվականի տարեվերջի դրությամբ կկազմի 1,782.4 մլրդ դրամ կամ 4,374.9 մլն ԱՄՆ դոլար։

Պարոն Գաբրիելյանի տվյալներով, այս տարի ֆինանսական վերահսկողության տեսչությունը

62 ստուգում եւ 23 ուսումնասիրություն է արել, ինչի արդյունքում 605.8 միլիոն դրամը վերականգնվել է պետբյուջե: Սոցիալական ապահովության ոլորտում հարցաքննվել են 8190 անձ եւ 9 քրեական գործ ուղարկվել է դատարան, 16 մարդ կալանավորված է:

Նախարարի խոսքերով, գործարար միջավայրը բարելավելու համար, շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար պարզեցված հարկային համակարգ են ձեւավորել: Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով որոշելու համակարգն էլ կատարելագործել են:
Նախարարի կանխատեսումներով, եկող տարի կունենանք ներդրումների «էական աճ»:

Այս տարի կայացած տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքում էլ ձեռք է բերվել համագործակցության համաձայնություն, որն, ըստ նախարարի, ներառելու է մուտքի արտոնագրերի դյուրացմանն ուղղված բանակցությունները, հարկային եւ մաքսային ոլորտի մի շարք հիմնահարցեր, քաղաքացիական ավիացիայի, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ հարցեր։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31