Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր օրենքը կվերացնի՞ բյուրոկրատական քաշքշուկները

Դեկտեմբեր 24,2012 16:09

ՀՀ-ում նախկինում գործող եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների մասին օրենքներին փոխարինելու է նոր` եկամտային հարկի մասին օրենքը, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից 2010 թ-ին եւ ուժի մեջ է մտնելու 2013 թ-ի հունվարի 1-ից:

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս մասին հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:

Ըստ նրա` նոր օրենքը գրեթե չի տարբերվում նախկին եկամտահարկի

մասին օրենքից` բացառությամբ մի կետի, որով նվազագույն աշխատավարձը նույնպես կհարկվի:

«Եթե մարդը ստանում է 30 հազար կամ 40 հազար, ապա նոր օրենքով այդ գումարն ամբողջությամբ ենթակա է հարկման: Նվազագույն աշխատավարձը, ըստ նոր օրենքի, նույնպես կդիտվի որպես հարկային բազա»,- ասաց գործատուների հանրապետական միության տնօրենը` հավելելով, որ եկամտահարկի մասին նոր օրենքի ուժը նաեւ կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք աշխատում են Հայաստանում:

Բանախոսն ընդունեց, որ նոր օրենքը որոշակի հարկային բեռ է ավելացնում գործատուի ուսերին, սակայն թաքնված զբաղվածությունն ու կրճատումները նոր օրենքի հետ չկապեց:

«Թաքնված զբաղվածության վերաբերյալ գործատուի համար նախատեսված է տույժ: Եթե գործատուն թաքցնում է 1-3 աշխատողի, նա տուգանվում է 60 հազար դրամով, 7-9 աշխատողի թաքցնելու դեպքում՝ 300 հազար դրամով, իսկ 9-ից ավել աշխատող թաքցնելու դեպքում կտուգանվի 600 հազար դրամով»,- նկատեց պարոն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ կրճատումներ կարող են լինել ցանկացած ժամանակ ու դրանք նոր օրենքի հետ որեւէ կապ չեն կարող ունենալ:

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքին՝ միության տնօրենը նշեց, որ այն ուժի մեջ կմտնի 2014 թվականից եւ կտարածվի 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների վրա, որոնք աշխատունակ են ու կայուն ամսական աշխատավարձ են ստանում: Ըստ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի՝ աշխատավարձի 5%-ը պետք է վճարի քաղաքացին, իսկ մյուս 5%-ը՝ պետությունը:

Անդրադառնալով կենսաթոշակների հնարավոր փոշիացման վտանգին, գործատուների միության նախագահը ասաց, որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ պետության կողմից վճարվող 5%-ը կկանխի ինդեքսի տատանումները:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31