Օրերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացել է «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա» նախագծի շնորհանդեսը, որը, ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի (լուսանկարում) խոսքերով՝ ներառելու է հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացման 150 տարին ու նախագծի սահմաններում թողարկելու է շուրջ 120 CD:
Aravot.am-ի հետ զրույցում՝ գնահատելով Բաբախանյան դաշնակահարին ու նրա նախաձեռնությունը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանն ասաց. «Վաղուց ժամանակն է զատել տաղանդավոր ու շնորհալի երաժիշտներին մյուսներից ու պետական բյուջեի թեկուզ չնչին գումարներն ուղղել հենց նրանց նախագծերը կյանքի կոչելուն: Արմեն Բաբախանյանի համերգին ներկա գտնվելով, մտածում էի՝ այս մարդուն պետք է անընդհատ փող տալ ու ասել՝ դու ձայնագրություններ արա: Իսկապես ափսոս չեն այդ գումարները, անկախ նրանից, թե մարդը որտեղից է ճարում: Արմեն Բաբախանյանի արած գործը խորը հետք է թողնելու: Եվ լավ է, որ աշխարհի որ անկյունում էլ ուզենան ծանոթանալ հայ երաժշտությանը, կծանոթանան բարձրակարգ դաշնակահարի կատարմամբ մատուցված որակյալ երաժշտությամբ: Մեր բոլորի եկամուտը պիտի լինի Հայաստանին բերած ճանաչումն ու վարկանիշը: Երբեմն այնպիսի տասներորդական կամ հարյուրերորդական տեղերում են գումար ներդնում, որ անիմաստ է, եւ սա այն դեպքում, երբ տաղանդավոր երաժիշտների վրա ներդրած գումարը հետադարձ օգուտ է բերում՝ ֆինանսական, բարոյական, մշակութային, ճանաչողական առումով, նաեւ վարկանիշն է բարձրացնում երկրի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ