Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերը թալանում են ժողովրդին

Դեկտեմբեր 24,2012 15:43

 Հայաստանում առկա վայրի կապիտալիզմի պայմաններում, երբ ժողովրդի համարյա ճնշող մեծամասնությունը գործազուրկ է և մի վերջին հույսով ապավինում է արտագաղթին, Հայաստանյան բանկերն առատորեն օգտվում են այդ «հրաշալի» առիթից և անխղճորեն թալանում սեփական ժողովրդին (ճիշտ ժողովրդական առածի նման` պղտոր ջրում ձուկ են որսում): Գների աստղաբաշխական աճը, գործազրկությունը, անվերահսկելի թալանը, կոռուպցիան, կաշառակերությունը, անարդարությունը, քաղաքացիական հասարակության չկայացածությունը և բազմաթիվ այլ հանգամանքներ ժողովրդին այլ ճանապարհ չեն թողնում և նրա գոյատևման միակ հնարավորությունը պայմանավորում են վարկեր վերցնելով, որով նրանք կփորձեն ինչ-ինչ գործեր ձեռնարկել և մի կերպ գոյատևել: Այլ խոսքով, նրանք առաջնորդվում են հետևյալ պարզ սկզբունքով. շալակած վարկերով ապրելն ավելի գերադասելի է, քան մեռնելը:

Բացի կենտրոնական բանկից, Հայաստանյան մնացած բանկերը հիմնականում առևտրային են, որոնք իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկեր են տրամադրում` օտարերկրյա պետություններից ու տարբեր միջազգային վարկային կազմակերպություններից Հայաստան մտած դրամական օգնությունների և վարկային միջոցների հաշվին: Քանի որ, Հայաստանը ևս տեղ է զբաղեցնում նոր զարգացող երկրների շարքում, այդ իսկ պատճառով նրան ևս այդ վարկերը հատկացվում են երկարաժամկետ և շատ ցածր, բավականին խորհրդանշական` մինչև 6 տոկոս տոկոսադրույքով:

Պետությունը` ի դեմս կենտրոնական բանկի, այդ օգնությունների և վարկերի գումարները` մոտավոր նույն տոկոսադրույքով հատկացնում է առևտրային բանկերին, որոնք էլ իրենց հերթին, այդ միջոցներից` վարկերի տեսքով 20-24 տոկոս տոկոսադրույքով հատկացնում են իրավաբանական և ֆիզիկական անձանց, այսինքն` ժողովրդին: Այդ օգնություններն ու վարկերը նոր զարգացող երկրներին նմանատիպ ցածր տոկոսադրույքով են տրամադրվում մի պարզ պատճառով, որպեսզի նրանք կարողանան ուշքի գալ և փորձեն օպտիմալ կերպով դրանք ուղղել իրենց երկրներում տնտեսության ճիշտ կազմակերպմանը և հետագա զարգացմանը: Իսկ դա նշանակում է, որ առևտրային բանկերն էլ իրենց հերթին են պարտավոր ժողովրդին ցածր տոկոսադրույքով հատկացնել այդ վարկերը, որպեսզի նրանք ևս կարողանան գոյատևել և հետագայում` նաև ի վիճակի լինեն մարել այդ վարկերը:

Այժմ` ավելի կոնկրետ փորձենք տեսնել, թե վերջին` մոտ 20 տարիներին իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանի բանկային համակարգում: Ինչպես նշեցինք, օգնություններն ու վարկերը Հայաստան են մտնում մինչև 6 տոկոս տոկոսադրույքով, իսկ դրանք առևտրային բանկերի միջոցով ժողովրդին է տրամադրվում 20-24 տոկոս տոկոսադրույքով, բացառությամբ գյուղատնտեսական և մի քանի այլ արտոնյալ վարկերի: Եթե մի պահ ընդունենք, որ այդ վարկերը Հայաստան են մտնում ամենաբարձր` 6 տոկոսով տոկոսադրույքով և այն ժողովրդին տրվում է նվազագույն` 20 տոկոս տոկոսադրույքով, ապա մեղմ ասած, նման գործարքների արդյունքում բանկերը ժողովրդի վրա խաղում են 300 տոկոսից ավելի շահույթով: Որ աշխարհը կզարմանա և կապշի այդ թվի վրա, դա դեռ ոչինչ, իսկ որ Գինեսի ռեկորդների գիրքը հաստատ կհպարտանա այդ թիվը կրել իր մեջ, դա հաստատ է, քանզի մնացած թվերն անտարակույս` ամոթից կուչ կգան:

Այստեղ կույրին անգամ տեսանելի է, որ բանկերը` ոչ ավելի, ոչ պակաս, ուղղակի թալանում են սեփական ժողովրդին: Եվ սա դեռ բավական չէ, նույն բանկերի կողմից տույժերի և տուգանքների այնպիսի չհիմնավորված համակարգ է ներդրված, որ դրա կիրառմամբ` ժողովրդին ուղղակիորեն տանում են թալանման. ընդհուպ մինչև նրա վերջին հույսի` բնակարանի կորուստը:

Թե ինչու՞ են բանկերն այսպես անխնա թալանում սեփական ժողովրդին, կարծում եմ շատ պարզ է. բանկիրները շատ ագահ են, անհոգի ու անխիղճ (չնայած, շատ կուզենայի նրանց մասին այլ կերպ մտածել):

Իսկ թե ինչպե՞ս են կարողանում խաբել, մոլորեցնել ժողովրդին, դա ևս շատ պարզ է: Նրանք հիմնականում խաղում են երկու հանգամանքի վրա. առաջին, որ ժողովրդի վիճակը ծայրահեղ ծանր է և զուտ գոյատևման համար նրանք պարտադրված են վարկեր վերցնել: Եվ երկրորդ, որ ժողովուրդը համարյա չի տիրապետում բանկային համակարգի նրբություններին, քանզի այն բանկային ոլորտի վերաբերյալ որոշակի գիտելիքներ է պահանջում, որը ցավոք` մեր ժողովուրդը համարյա չունի:

Ասվածից պարզորոշ հասկացվում է, որ բանկիրները պետականորեն` «օրինական» կարգով թալանում են «հարազատ» ժողովրդի ողջ ունեցվածքը: Այստեղ շատ կարևոր մի հանգամանք ևս կա, որի մասին արժե խոսել: Այս ամենը կարծես քիչ է, դեռ վարկերի տրամադրման ժամանակ էլ, բանկիրներն իրենց այնպես են պահում, կարծես այդ փողերը` իրենց պապերի սեփական փողերն են և կուզենան կտան, չեն ուզենա` չեն տա: Նույնիսկ ավելին, վարկերի տրամադրման ժամանակ նրանք ինչպիսի տոկոսադրույք ցանկանում են, այդպիսի տոկոսադրույքով էլ տրամադրում են վարկերը: Այ, քեզ բան:

Սիրելի ժողովուրդ. դու քնած ես, իսկ արթունները` քնածներին միշտ էլ թալանում են (էլ չեմ ասում, որ մեր երկրում շատ հաճախ` նրանք նույնիսկ արթուններին են թալանում): Ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս հիշեցնել, որ այդ օգնությունները և վարկերը տրամադրվում են ոչ թե պաշտոնյաներին ու բանկիրներին, այլ` ժողովրդին: Այս պարագայում պաշտոնյաներն ու բանկիրներն ընդամենը միջնորդներ են` բանկային, վարկային կառույցների և ժողովրդի միջև:

Այնպես որ, ժողովուրդ ջան, սովորիր մի քիչ տեր կանգնել քեզ հասցեագրած միջոցներին և մի թույլ տուր, որպեսզի մի քանի ճարպիկ արարած` քո հասանելիքը աներևակայելի թանկ գնով վերավաճառեն քեզ վրա:

  Անանիա Մաղաքյան

 «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31