Խոսքը Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի մասին է, որի որդին`29-ամյա Հարություն Սարգսյանը, մեղադրվում է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին` Կարեն Եսայանին, նշանադրության օրը «խանդի հողի վրա» դաժանորեն սպանելու մեջ: Սակայն մինչև այս աղմկոտ գործը կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի վարույթում, դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանի (լուսանկարում) վարույթ է ուղարկվել հոր` 62-ամյա Սամվել Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը: www.datalex.am-ից տեղեկանում ենք, որ Շիրակի մարզի դատախազությունում նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս խոչընդոտել է քննիչի աշխատանքները, և թույլ չի տվել հարցաքննել իր տղայի գործով որպես վկա հրավիրված բարեկամին` Գրիգորյանին:
Քրեական գործի մեջ ընթերցում ենք. «Սամվել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. սեպտեմբերի 13-ին մտել է ոստիկանության ՔԳՎ ՇՄ քննչական բաժին , եւ միջամտելով քննիչի գործունեությանը, իր բարեկամ, վկա Ա.Գրիգորյանին կոչ է արել եւ պահանջել, որ այլեւս ցուցմունք չտա, չպատասխանի քննիչի հարցերին, չստորագրի որեւէ փաստաթուղթ, որի արդյունքում Ա.Գրիգորյանն առանց քննիչի կողմից հարցերին պատասխանելու եւ ստորագրելու հարցաքննության արձանագրությունը, լքել է քննիչի աշխատասենյակը»:
Նշենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 1-ին մասով, այն է` «Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը», նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Ի դեպ, ամբաստանյալը երբևէ դատված չի եղել, ու որպես խափանման միջոց ընտրված է՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Նախկին ոստիկանապետին կդատեն Նոր տարում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ