Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հեքեքյան. Գումարները ծախսվում են անփութորեն, եւս մեկ խաչ դնելու համար

Դեկտեմբեր 24,2012 15:26

Aravot.am-ը ճանաչված խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչպիսի տարի  էր 2012 թվականը՝ երեխաների հոգեւոր եւ ներդաշնակ զարգացման առումով:

«Անկեղծ ասած, թե  երեխաների համար արտառոց ինչ է արվել Հայաստանում 2012-ին, դժվարանում եմ ասել: Թվացյալ կարծես շատ բան է արվում՝ ծրագրեր, մտահղացումներ, գումարի հատկացում, գոնե երաժշտության բնագավառում արվում է: Հարցը, սակայն, այն է, թե ինչպես են օգտագործվում  այդ միջոցները՝ միջին եւ ստորին շերտերում: Ես գիտեմ, որ բավականին  գումար հատկացվում է պետական բյուջեից՝ երեխաների երաժշտական կրթության համար, եւ քաղաքապետարանն է սուբսիդավորում երաժշտական դպրոցները, որպեսզի ծնողները ոչ թե վճարեն 13000 դրամ՝ մեկ աշակերտի համար, այլ մուծեն 2000-7000: Գիտեմ, որ պետպատվերով կառավարությունը վճարում  է գումար, որպեսզի անվճար դառնա այն գործիքների ուսուցումը, որոնցով քիչ են հետաքրքրված: Ընդ որում, մի քանի 100 մլն դրամ գումարի մասին է խոսքը, եւ անվճար ուսուցանվում են ժողովրդական, փողային , նույնիսկ որոշ լարային գործիքներ: Գիտեմ նաեւ, որ հաճախ այդ փողերը  ոչ նպատակային են օգտագործում շատ տնօրեններ, կառույցներ, կազմակերպություններ, ինչի  պատճառով տուժում են բարեխիղճ աշխատող դպրոցները: Օրինակ՝ գումարներ են հատկացվում վարպետաց դասերի համար, բայց դրանք հաճախ անցկացնում են մասնագետներ, որոնք իրենք վարպետաց դասերի կարիք ունեն»,- ասաց պարոն Հեքեքյանը:

Նրա ձեւակերպմամբ՝  «միջին եւ ստորին մասում գումարները ծախսում ենք անփութորեն, անիմաստ, եւս մեկ խաչ դնելու համար»:

Ճանաչված խմբավարը հայտարարում է. «Կարծում եմ, որ 2013-ին պետք է լրջորեն վերահսկվեն եւ բաշխվեն գումարները, որովհետեւ  ափսոս են, նույն գումարներով մենք կարող ենք հասնել ավելի  մեծ արդյունքի»:

Ինչ վերաբերում է իր ղեկավարած  «Հայաստանի փոքրիկ երգիչներին», Տիգրան Հեքեքյանի ասելով, այս տարին բեղուն տարի է եղել,  ունեցել են 2 շրջագայություն՝ մեկը Վրաստան, Լատվիա, Շվեդիա, մյուսը Ճապոնիա: Առաջինի ճանապարհածախսի համար միջոցներ են  տրամադրվել պետբյուջեից, ու մաեստրոն կարծում է, որ դա փոխհատուցել են հեղինակավոր փառատոնում ու այդ երկրներում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելով:

Ինչ վերաբերում է ճապոնական շրջագայությանը, բոլոր ծախսերը՝ շուրջ  1մլն դոլար,  հոգացել է հրավիրող կողմը: Համերգները փառահեղ են անցել՝ Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունը շարունակում է արձագանքներ ստանալ, որոնց հեղինակները հետաքրքրված են Հայաստանով, ՀՀ մշակույթի նախարարությունն էլ շնորհակալական նամակ է ստացել: Գովեստներում զուսպ, խստապահանջ ու մշակույթի առումով նրբաքիմք ճապոնացիները «Հայաստանի փոքրիկ երգիչները» անվանել են ազգային հարստություն: «Հայաստանի փոքրիկ երգիչները» իր ուժերով նաեւ միջազգային մրցույթ է անցկացրել, արդյունքում 25 կոմպոզիտոր աշխարհի տարբեր երկրներից՝ խմբի համար ստեղծագործություններ է գրել, դա նշանակում է, որ 1000-ավոր երաժիշտներ «Հայաստանի փոքրիկ երգիչների» միջոցով տեղեկացել են Հայաստանի մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31