ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այսօր եկել էր «Ազատություն» կուսակցության համագումարին: Լրագրողներին նա ասաց, որ այս պահին տրամադրվածությունը նախագահական ընտրությունների համար մարտական է, նորմալ: Հարցին՝ ընդդեմ ո՞ւմ է մարտական՝ նա պատասխանեց, որ «Հանուն մեր ժողովրդի ազատության, ազատ ապրելու»: Aravot.am-ը Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝ ՀԱԿ-ում տարբեր «գծեր» կան, Դուք ո՞ր գծի մեջ եք՝ նա պատասխանեց. «Ես գծերի վրա չեմ: Ես քայլում եմ միշտ ուղիղ եւ ճիշտ»:
Մեր դիտարկմանը, որ Դավիթ Շահնազարյանն ասում էր, որ երբ նավն ընթացքի մեջ է, շրջադարձը գուցեեւ չզգաք, կարո՞ղ է Ձեր դեպքում էլ այդպես է, շրջադարձը չեք զգում՝ նա պատասխանեց. «Ես նավապետ չեմ եղել: Դավիթ Շահնազարյանին հարցրեք: Ես հրամանատար եմ, նավապետ չեմ»:
Նա չմեկնաբանեց Հրանտ Բագրատյանի այն խոստովանությունը, որ արդեն շահարկումներ կան, որ ինքը իշխանության հետ է համագործակցում. «Հրանտ Բագրատյանի տեղը ե՞ս պատասխանեմ»:
Կարդացեք նաև
Սասուն Միքայելյանն ասաց, որ համաժողովրդական շարժում է եղել, ինքը եղել է հրապարակում եւ միշտ այդ շարժման մեջ է:
Հարցին՝ Դուք հիմա ՀԱԿ-ում կա՞ք, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Ապե, կարող ա՞ դու հիվանդ ես, ասում եմ՝ շարժման մեջ կամ»: Մենք ճշտեցինք՝ շարժումը կա՞ դեռ՝ նա պատասխանեց. «Եթե շարժում չլինի, նշանակում է աշխարհը քարացել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ