Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդները կազմում են շուրջ 34 տոկոս

Դեկտեմբեր 24,2012 14:56

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը խոսեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման» հայեցակարգից:

«Համակարգը կարեւոր է եւ կխթանի զբաղվածությունը, ինչպես նաեւ` անձին հնարավորություն կընձեռի ողջ կյանքի ընթացքում ստանալ մասնագիտության ընտրության կամ կարիերան փոխելու վերաբերյալ խորհրդատվություն»,-ասաց Գեւորգյանը:

Նա նշեց, որ 2011թ. տվյալների համաձայն` Հայաստանի բնակչության շուրջ 750.000-ը երիտասարդներն են, որոնց միայն 48 տոկոսն են համարվում զբաղվածներ. «Դրանց թվում են գյուղական համայնքների երիտասարդները, ովքեր ունեն հողատարածքներ կամ այլ հնարավորություններ, սակայն փաստացի զբաղված չեն համարվում: Տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդները կազմում են շուրջ 34 տոկոս. Նրանք չեն աշխատում, չեն սովորում եւ չեն էլ փնտրում աշխատանք: Ընդհանուր առմամբ` պասիվության մակարդակը շատ բարձր է»:

Հայկուհի Գեւորգյանի խոսքով. «Համակարգի եռաստիճան մոդելը խնդրի լուծման տարբերակներ է առաջադրում: Առաջին փուլում դիտարկվում է հանրակրթության համակարգը, որում պետք է իրականացվի երեխայի անձի բացահայտումը եւ զարգացումը, քանի որ անձնական որակները մասնագիտության մեջ դրսեւորվելու հիմքերն են: Մյուս փուլը սահմանում է վերաբերմունքը աշխատանքի, ձեռներեցության եւ կարիերայի նկատմամբ: Երեխան դպրոցական տարիքից պետք է հասկանա, թե ինչ է կարիերայի պլանավորումը: Կարիերա բառը շատ են օգտագործում, բայց դա պարզապես աշխատանքային առաջխաղացումը չէ: Կարիերայի պլանավորումը ներառում է անձի կրթությունը, ինքնակրթությունը, աշխատանքում առաջխաղացումը, անգամ` տնտեսական կարգավիճակը: Իսկ երրորդ փուլը մասնագիտական ուսումնական հաստատություններն են, որոնցում որոշակիորեն գործում են կարիերայի կենտրոններ, սակայն լիարժեք գործելու համար չկան բավարար մեթոդներ: Այս հաստատություններում կարեւոր է կարիերայի կառավարում դասաժամի ներդրումը»:

Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31