Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Տեր-Պետրոսյանին չէին եկել լսելու նույնիսկ հարթակում պարող առաջին շարքի տղաները»

Դեկտեմբեր 24,2012 13:51

ՀՀ ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար, շաբաթ օրը ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը «ժամանակ ձգելու» կամ «որոշակիորեն արդարացնելու փորձ» էր` փորձառու գործչի կողմից, որպեսզի «հասարակությունը չասի` երկար խոսեց ու ոչինչ չասաց»: Իրականում, Շարմազանովի համոզմամբ, ՀԱԿ առաջնորդն իր ելույթում ոչինչ էլ չասաց` որեւէ նոր բան, որեւէ քաղաքագիտական նորություն կամ վերլուծություն չկար: «Դա ավելի շատ պատասխան էր իր նախկին մտերիմներին, իր նախկին զինակիցներին, ովքեր օրեր առաջ եթերում նրան մեղադրում էին հստակ ինչ-որ մի արտաքին գիծ պահելու մեջ: Ես կարծում եմ, դա ավելի շատ պատասխան էր ՀԱԿ-ից հեռացած որոշ գործիչներին, ովքեր խիստ քննադատության են ենթարկում Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, այլ ոչ թե համակարգային ելույթ էր»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն էր ՀԱԿ առաջնորդին մեղադրել պրոռուսական «գիծ պահելու» մեջ:

Ընդհանրապես, Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ հասարակության մեծամասնությանն արդեն չի էլ հետաքրքրում, թե Տեր-Պետրոսյանն ինչպես կներկայանա առաջիկա ընտրություններին կամ ինչպես կփորձի արդարացնել իր այս կամ այն գործունեությունը. «Այն, որ Տեր-Պետրոսյանն այլեւս չունի այն մասսայական հետաքրքրությունը, որն ուներ 2007-2008 թվականներին, խոսում է նաեւ այն փաստը, որ Տեր-Պետրոսյանին չէին եկել լսելու նույնիսկ հարթակում պարող առաջին շարքի տղաները»:

Aravot.am-ի հարցին` իր կարծիքով, որքանո՞վ են,  ՀԱԿ առաջնորդի`ռուսամետության եւ արեւմտամետության մասով հնչեցրած մեղադրանքները առնչվում գործող նախագահ Սերժ Սարգսյանին, Շարմազանովն ասաց, որ նախագահ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի ասածով չէ, որ պետք է առաջնորդվի եւ դեռ տարիներ առաջ, «Ռոսիյա-թուդեյին» տված հարցազրույցում հարցին` Դուք արեւմտամե՞տ, թե՞ ռուսամետ գործիչ եք, շատ հստակ պատասխանել է, որ ինքը հայաստանակենտրոն եւ հայամետ գործիչ է եւ իր ցանկացած գործողություն բխում է Հայաստանի պետական ու ազգային շահից:

Իսկ ի՞նչ է հուշում ՀՀԿ մամուլի խոսնակին` ՀԱԿ առաջնորդի` մի երկու օր էլ սպասելու կոչը: Իր տպավորությամբ, ՀԱԿ առաջնորդն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մասով կողմնորոշվե՞լ է, թե՞ ոչ: «Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը շատ լավ կողմնորոշվել է եւ ինքը գիտի, թե ինքն ինչ պետք է անի»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ իր կարծիքով, ՀԱԿ համակարգողն ինչ էլ անի այլեւս իր արածը որոշիչ լինել չի կարող ոչ Հայաստանին, ոչ ընդդիմադիր դաշտին, ոչ էլ մի այլ համատեքստում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31