Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանի սենսացիոն խոստովանությունը. նրան արդեն դավաճա՞ն են հանում

Դեկտեմբեր 24,2012 13:46

Այսօր «Ազատություն» կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում Հրանտ Բագրատյանը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց: Նա բացեց փակագծերը՝ ՀԱԿ-ի հետ իր հակասությունների վերաբերյալ:

Նա ասաց, որ ինքը դեռ չի առաջադրվել, բայց համագումարի օրակարգում այդ հարցը կա. «Տեսնենք համագումարն ինչ կորոշի: Այսօր խոսքը միայն համագումարի կողմից թեկնածուի առաջադրումն է, հետո կտեսնենք առաջադրումը եւ այլն»: Հարցին՝ ՀԱԿ-ը Ձեզ կսատարի՞ առաջադրման պարագայում՝ նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, չգիտեմ»: Թե ակնկալո՞ւմ է նա Կոնգրեսի աջակցությունը՝ պատասխանեց. «Իհարկե, լիներ՝ վատ չէր լինի»:

Համագումարին նա հրավիրել է ՀԱԿ-ի նախկին եւ ներկա անդամներին: Մյուս կուսակցություններին չի հրավիրել, որովհետեւ Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ համագումարը լուրջ հարցադրում է անելու՝ վերջապես որն է պլատֆորմը. «Եթե ՀԱԿ-ի պլատֆորմը իշխանափոխությունն էր, մենք հիմա զգում ենք, որ, այնուամենայնիվ, դա քիչ է, եւ գաղափարախոսություն է պետք՝ որն է պլատֆորմը, որ պլատֆորմի շուրջ պետք է միավորվենք»: Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավիրե՞լ եք համագումարին, նա ասաց, որ այո, տեղյակ է պահել:

Հրանտ Բագրատանը տեղեկացրեց, որ դեռեւս 3-4 ամիս առաջ է տեղյակ պահել ՀԱԿ-ին, որ ինքն ուզում է առաջադրվել, թեեւ մամուլում այդ մասին չի ասել: Ուստի ձայնագրությունը որեւէ դեր խաղալ իր որոշման համար չէր կարող: Ձայնագրության հետ կապված նա չցանկացավ խոսել՝ ասելով, որ «25 տարի միասին ենք եղել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Ձեր «գիծը» շա՞տ է տարբերվում ՀԱԿ-ի որդեգրած գծից: Ի պատասխան՝ նա ասաց. «Դե, համագումարին կլսեք, էլի»:

Արձագանքները իր առաջադրման վերաբերյալ նա ասաց, որ շատ լուրջ են, իսկ թե ինչպե՞ս է գահատում իր շանսերը՝ «Ոչ մի կերպ չեմ գնահատում: Բացարձակապես մեկ է»:  Նա չհերքեց անգամ, որ հնարավոր է ՀԱԿ-ից դուրս գա՝ ասելով, որ «այս պահին նման որոշում չունեմ»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ՝ Դուք գնում եք հաղթանակի՞, թե՞ երկրորդ տեղի համար՝ նա պատասխանեց. «Ես պարտադիր եմ համարում դնելը, փորձել խմբավորելը եւ տեսնել, որ այդ ամբողջ լիբերալ թեւը մի տեղ պետք է հավաքվի: Եթե նախկին ՀԱԿ-ը ինչ-որ ձեւի, այո, լիբերալ հավաք էր, բայց նա հավաք էր՝ իշխանության դեմ: Բայց սա չի նշանակում, որ վաղը ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ գա, մենք պիտի ասենք՝ չենք ուզում ձեր հետ շփվել: Բայց վերջապես մենք ունենք մեր տեսակետները, եւ դուք այսօր կլսեք: Դուք կլսեք, որ դրանք էականորեն տարբերվում են: Այսօր դուք կլսեք մաքուր ձեւով ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ծրագրերի մասին: Այսինքն՝ չխմբագրված այն տարբերակով, որովհետեւ ՀԱԿ-ում բնական է, պիտի խմբագրվեին»: Հարցին՝ այսինքն՝ կաշկանդո՞ւմ էր Ձեզ ՀԱԿ-ը՝ նա պատասխանեց. «Չէ, չէր կաշկանդում: Բայց, ճիշտն ասած, ամեն անգամ արդեն հաճախ բոլոր հարցերի քննարկումները կարող էր շաբաթներ տեւել: Այդպիսի ֆորմատ, որ ունի ՀԱԿ-ը, որտեղ գալիս ասում ես՝ լավ, իշխանափոխություն է կամ ինչ-որ մի հեղափոխական ալիքի համար կաշխատեմ, բայց երկար ժամանակ նման ձեւի կառույցը  չի կարող կառույց դառնալ ֆորմալ՝ իմ կարծիքով»:

Մեր դիտարկմանը, որ Դուք ունեիք հնարավորություն առանց խմբագրման Ձեր խոսքերը տեղ հասցնել՝ նա չհերքեց՝ ասելով, որ հասցնում էր, էլի հասցնում էր. «Բայց վերջերս….ես ՀԱԿ-ի մասին կոմենտարիա չեմ անում: Ես այս պահին ՀԱԿ-ից դուրս չեմ էլ եկել»: Aravot.am-ի հարցին՝ չե՞ք վախենում տարբեր շահարկումներից, որ իշխանության հետ եք համագործակցում՝ նա պատասխանեց. «Արդեն ասում են: Մենք այդպես ենք: Մենք այդ տեսակն ենք: Ես այդ տեսակը չեմ կարող փոխել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31