«Մեր երկու հարեւաններին` Ադրբեջանին եւ Թուրքիային, անհանգստացնում է հայկական սփյուռքի ակտիվությունը. թուրք-ադրբեջանական կեղծարարություններն ակտիվ կերպով շարունակվում են: Մեջբերեմ մեր «հարեւան» պետության ղեկավարի խոսքը, թե իրենց թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Թուրքիայի կողմից այսօր փորձ է արվում շուրջ 60 միլիոն կայքի վրա հարձակում կատարել` հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով»,- այսօր` ՀՀ սփյուռի նախարարության այս տարվա գործունեությունն ամփոփող հանդիպման ժամանակ ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով. «Վերոհիշյալ հանգամանքից պետք է ուրախանալ եւ ոգեւորել հայ լոբբիստներին. նրանք պետք է շարունակեն հայապահպան քաղաքականությունը, որը միայն Ցեղասպանության խնդիրներին չէ ուղղված: Հայ լոբբիստները ակտիվ զբաղվում են նաեւ Ղարաբաղի ճանաչման հիմնախնդիրներով: Մենք աննկատ չպետք է անցնենք այն փաստի կողքով, որ ԱՄՆ նահանգներից երկուսը եւ Ավստրալիայի Նոր Ուելս նահանգը ճանաչեցին ԼՂՀ անկախությունը: Դա շատ կարեւոր հանգամանք է, որի հիմքում ընկած են ոչ միայն մեր դիվանագիտական գործունեությունը, այլեւ հայկական լոբբիի կատարած աշխատանքները»:
Տիկին Հակոբյանը նշեց, որ առաջիկա տարում ակտիվանան Սփյուռքի հետ տարվող ծրագրերը. «Կարեւոր է հատկապես այլակրոն հայերի հետ աշխատանքը: Այսօր մեր հայրենակիցներից շատերը «արթնանում» են, մկրտվում եւ վերադառնում իրենց արմատներին: Բացի այդ, մենք շարունակելու ենք գործել «հայերն առանց ծխախոտի» կարգախոսի ներքո: «Գրանտ Տոբակո» ընկերության հետ արդեն ձեռք ենք բերել համապատասխան պայմանավորվածություն եւ եկող տարի շարունակելու ենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ