Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը շարունակում է անակնկալ այցելություններ կատարել «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված անօթևան ընտանիքներին: Քաղաքապետի այցելությունների հիմնական նպատակն է առավել մոտիկից ծանոթանալ ժամանակավոր կացարաններում և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքների խնդիրներին: Որպես կանոն, Սամվել Բալասանյանը հյուրընկալվելիս աջակցություն է ցուցաբերում այդ ընտանիքներին: Ինչպես նշել ենք մեր հրապարակումներից մեկում` «Գյումրու քաղաքապետն անակնկալ այցելություն կատարեց տնակային ավաններ և բնակարան նվիրեց 14 անձից բաղկացած ընտանիքին» , Գյումրու համայնքապետը նախորդ շաբաթ կատարած այցելություններից մեկի ժամանակ քաղաքի ծայրամասի տնակային ավաններից մեկում վարձով բնակվող բազմանդամ ընտանիքին նվիրեց Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների կողմից տրամադրված գումարով «Մուշ-2» նորակառույց թաղամասում գնված բնակարանը:
«Շիրակ կենտրոնի» այսօրվա տեսանյութում ներկայացված են դրվագներ քաղաքապետի` մեկ այլ անօթևան ընտանիքի տնակ կատարած այցելությունից: Ինչպես այս ընտանիքին, այնպես էլ այցելության պահին նրանց տնակում գտնվող սոցիալապես անապահով մեկ այլ ընտանիքի Գյումրու քաղաքապետը «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամի կողմից, տնակը վերանորոգելու և ձմռան վառելափայտ գնելու նպատակով տրամադրեց ֆինանսական աջակցություն: Այս ընտանիքի ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած «Գյումրու տնակային ավաններում զգալի է ոչ ամբողջական կազմով ընտանիքների թիվը» տեսանյութը 2 ամիս առաջ է հրապարակվել մեր www.shirakcentre.org կայքում և հայաստանյան առաջատար բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում: