Այսօր «Էրեբունի Պլազա» համալիրի «Էրեբունի» սրահում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփեց նախարարության այս տարվա գործունեությունը: Նախարարն արձանագրեց, որ նկատելի են մեկնարկած ծրագրերի արդյունքները. «Գործակցությունը տեղափոխվեց նոր մակարդակ, սփյուռքահայերն առավել համախմբվեցին հայրենիքի շուրջ, ինչը ավելացնում է մեր մրցակցային հնարավորությունները»:
Հակոբյանի խոսքով. «Հայաստանի կայունությունը եւ միջազգային վարկի բարձրացումը Սփյուռքին ձգում է դեպի հայրենիք, եւ Սփյուռքը դառնում է առավել հայաստանակենտրոն: Սփյուռքի կառույցները համագործակցում են նախարարության հետ` ստեղծելով վստահության մթնոլորտ: Արդյունքում ավելանում է ծրագրերի աշխարհագրությունը եւ մասնակիցների թիվը: Բացի այդ, վերջին շրջանում ավելացել է համահայկական կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացումը: Ներկայումս Հայաստանյան շատ ծրագրեր դառնում են համահայկական»:
Տիկին Հակոբյանը փաստեց, որ նախարարության գլխավոր խնդիրն է` աջակցել հայապահպանությանը. «Մեր գերակա ծրագրերում առաջադրել եւ իրականացրել ենք երեք կարեւոր խնդիր` «Ամառային դպրոցի» ստեղծումը եւ զարգացումը, «Իմ Հայաստան» փառատոնի կազմակերպումը եւ իրականացումը եւ հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերը»:
Կարդացեք նաև
Նախարարը նշեց, որ գերակա խնդիր դարձավ սիրիահայերի հետ տարվող աշխատանքը, «Բնականաբար, նախարարության աշխատանքը կրկնապատկվեց, քանի որ նախագահը հանձնարարեց համակարգել սիրիահայերի հետ տարվող աշխատանքները: Օրական նախարարություն այցելել է շուրջ երեսուն սիրիահայ` տարբեր հարցադրումներով: Նախարարության աշխատակիցները փորձել են լուծել այդ հարցերը եւ տեղափոխել համապատասխան գերատեսչություններ: Պետությունը սիրիահայերի համար կազմակերպեց երեխաների եւ ուսանողների կրթության խնդիրը, եւ հիմնականում ուսուցումն անվճար է: Բացի այդ, առկա էին ավտոմեքենաների ներս մտնելու եւ դրանց մաքսային խնդիրները կարգավորելու խնդիրներ, որոնք նույնպես լուծվեցին, եւ մեր հայրենակիցները դժվարություններ չունեցան: Մոտ յոթ հարյուր հոգի դիմել է աշխատանք ստանալու նպատակով, եւ նախարարության միջնորդությամբ երեք հարյուր սիրիահայ ստացել է աշխատանք: Շատ գործարարներ ընդունեցին մեր հայրենակիցներին եւ ապահովեցին աշխատանքով: Բիզնեսմեն սիրիահայերի ներկայացուցիների եւ հայաստանյան գործարար ոլորտի հետ կազմակերպեցինք հանդիպումներ, եւ ձեւավորվեց ծրագրային մոտեցում, որպեսզի սիրիահայ բիզնեսմենները իրենց գործը կարողանան «դնել» հայրենիքում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ