«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը տեղեկացրել էր, որ այսօր պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ լրագրողի հաղորդման պատճառն է նախորդ շաբաթվա ընթացքում նրա և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցածը, մասնավորապես պատգամավոր Մհեր Սեդրակյանը նրան սպառնացել էր՝ ասելով ««Դավայ, դավայ․․․ յալլա․․․ կտամ ծնոտդ պոկեմ, դավայ թռի»:
Այսօր քիչ առաջ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարություն է տարածել, որտեղ իր ափսոսանքն է հայտնում կատարվածի մասին: Նա մասնավորապես նշում է. «Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ և Ա1 պլյուս հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ: Սա թերևս հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Aravot.am-ը կապ հաստատեց Մ. Արշակյանի հետ՝ պարզելու իրենք բավարո՞ւմ է պատգամավորի հայտարարարությունը և ինքը արդյոք դիմելո՞ւ է ՀՀ գլխավոր դատախազություն: Լրագրողը մեզ փոխանցեց, որ ինքն արդեն միայնակ չի որոշում և հորդորեց մանրամասներ ճշտել «Ա1+»-ից:
«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Մենք դիմելու ենք ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողով, քանի որ Մհեր Սեդրակյանը ներողություն չի խնդրել: Դատախազություն դիմել-չդիմելու հարցը կախված կլինի էթիկայի հանձնաժողովի որոշումից: Իսկ հանձնաժողով կդիմենք այսօր կամ վաղը:
Կարդացեք նաև
Իհարկե, հայտարարությունը մեզ չի բավարարում, քանի որ պատգամավորը ներողություն չի խնդրում: Իսկ հայտարարության՝ սադրանքի հատվածը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ