Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային հետագա ճակատագրի մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Նրանով հետաքրքրվում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ: Բայց Մխիթարյանը ո՞ր ակումբ կտեղափոխվի:
«Ua-football.com»-ը, որ ամենայն հավանականությամբ ավելի քաջատեղյակ է Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի անվան հետ առնչվող իրադարձություններին, վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները, անցած շաբաթ գրել է, թե Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաեւ «Բարսելոնան»: Կատալոնյան թիմի ղեկավարությունը գտնում է, որ Մխիթարյանը խաղային որակներով համապատասխանում է իրենց թիմին եւ կարող է շատ արագ յուրացնել Իսպանիայի առաջնության առաջատարի ոճը: Իսպանական լրատվամիջոցները նաեւ նշում են, որ Մխիթարյանը տեխնիկապես հրաշալի պատրաստված է եւ նրան դիտարկում որպես Չավիին ու Ֆաբրեգասին փոխարինելու ի վիճակի ֆուտբոլիստի: Ըստ նրանց, հնարավոր է, որ «Բարսելոնան» պաշտոնական առաջարկով «Շախտյորին» դիմի արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Հենրիխ Մխիթարյանին ամռանը ձեռք բերելու նպատակով, որպեսզի նա առայժմ կարողանա իր թիմին օգնել Չեմպիոնների լիգայում:
Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ««Չելսին», «Արսենալը», «Միլանը», «Ֆիորենտինան», «Բավարիան» եւ այլ գրանդ ակումբներ:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ