Ամանոր, Սուրբ Ծնունդ…ուրախություն, բերկրանք… յուրաքանչյուրս հույսով, հավատով ու թաքուն երազանքով ենք սպասում այս տոներին: Իսկ երբեւէ մտածե՞լ ենք, որ կարող ենք մասնակցություն ունենալ ուրիշների երազանքների իրականացմանը…
«Մանանա» երիտասարդական քրիստոնեկան ծրագրի նախաձեռնությունն է մոտեցող Սուրբ Ծննդյանը հնարավորինս օժանդակել կարիքավոր ընտանիքներին` որպես մեկ Եկեղեցու անդամներ, որպես հարազատներ և հոգևոր արժեքներով առաջնորդվող մարդիկ, «քանզի մենք էլ ապահովագրված չենք տարբեր տեսակի փորձություններից և օգնում ենք իրար, երբ հոգևոր, հոգեբանական կամ նյութական ճգնաժամի մեջ ենք լինում»,-ասում են ծրագրի մասնակիցները:
Յուրաքանաչյուրս մտածենք, թե ինչը մեզ կարող է երջանկացնել եւ այդ երջանկությունը պարգեւենք ուրիշներին` օգնելով մի քանի` մեզ պես և, միգուցե, մեզանից ավելի լավ ու բարի, բայց միաժամանակ դժվարությունների առջև կանգնած մարդկանց:
«Մենք մարդկանց օգնելու հնարավորություն ունենք ամեն օր, բայց ծրագիրը համախմբման եղանակ է, այն շատերին թույլ է տալիս հասկանալ եւ տեսնել, թե ինչ «զարմանալի» բաների կարիք կարող են ունենալ մարդիկ: Եվ Աստված հաճախ է մեր միջոցով հոգում նրանց կարիքները: Ես էլ չեմ ցանկանում հրաժարվել միջնորդ լինելուց, երբ այն իսկապես ուրախացնում է ինձ: Իսկ Նրա պարգեւները շատ են` սկսած ժպիտից մինչեւ նյութական փոքր կամ մեծ բաները, չէ՞ որ այս մարդիկ ունեն ամեն ինչի կարիք: Նման կերպով ակամայից մասնակից ես լինում փոքր հրաշքների իրականացմանը»,-ասում է Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու «Մանանա» ծրագրի անդամ Արմինեն: