Շաբաթվա ընթացքում մեծ աղմուկ հանած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջադեպը դեռ խոսելու առիթ է տալիս շատերին:
Ֆեյսբուքյան օգտատերերը ևս չեն լռում. «Տեսնես ՛ՎԱՆԳԱՆԸ՛ գուշակել էր,որ աշխարհի երեսին մի երկիր կա, որտեղ օրենսդիրների գերակշռող մասի ինտելեկտը -0 է», – գրել է Սուսաննա Մուրադյանը, Արմինե Գևորգյանն էլ ավելացրել է. «Միջադեպի օրվանից հետևում եմ այս արարածի հետ առնչվող բոլոր հրապարակումներին ու ամեն անգամ զարմացնում է ինձ այդ մարդու տգիտության աստիճանը»: Մհեր Արշակյանի ֆեյսբուքյան պատին բազմաբովանդակ գրառումներ են թողել նաև ընկերները. «Իմ սիրելի Մհեր Արշակյան, պարզապես ջղայնացած եմ միջադեպի պատճառով, ինքս, ցավոք, ներկա չեմ եղել, չգիտեմ թե մինչ այդ ինչ է եղել, տեսանյութից եմ իմացել, բայց , անկախ ամեն ինչից, որեւէ մեկը իրավունք չունի լրագրողի հետ/հատկապես քեզ նման զուսպ եւ հավասարակշռված լրագրողի/ այդպես վարվել: Խնդրում եմ ներիր ինձ, քանի որ կողքիդ չէի եւ հնարավորություն չունեի անկարգին կարգի հրավիրելու», – գրել է Մարգարիտ Եսայանը:
Մհեր Արշակյանը երեկ ֆեյսբուքում ևս մեկ գրառում է թողել այս ամենի վերաբերյալ. «Ժողովուրդ, իմ պրոբլեմը չէ, եթե կան մարդիկ, որոնք հավատում են, թե Ա1+-ի տեսախցիկը կամ միկրոֆոնը ԱԺ նիստերի դահլիճի միջանցքում խցկվել է պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ նրա երկու զրուցակցի արանքը կամ մոտ է եղել նրանց, բայց, վստահաբար, այդ մարդկանց խնդիրն է, եթե սոված մնալու սպառնալիքն է սնում նրանց հավատը», այս գրառմանը հետևել է Սարո Բաղդասարյանի մեկնաբանությունը. «Ես լրիվ հավատում եմ Ա1-ին ու ձեր հետ եմ»: Նշեմ նաև, որ ավելի մանրամասն այս միջադեպի մասին Մհեր Արշակյանը գրել է media.am-ում ևս, ներկայացնում ենք մի հատված այդ նյութից. «Նա միանգամից ագրեսիվանում է, որովհետեւ ոչ թե իմ մեջ է տեսնում այդ սադրանքը, այլ լրագրության: Իմ ձեռքի միկրոֆոնն արդեն սադրանք իրականացնելու ազդակ է…»:
Այս միջադեպից բացի շաբաթվա ընթացքում քննարկման ու բազմաթիվ գրառումների տեղիք տվեց նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ վթարի ենթարկվելու մասին լուրը: Երեկ՝ կեսգիշերն անց, բոլոր լրատվամիջոցները հայտնեցին, որ նախարարը վթարի է ենթարկվել, բայց բարեբախտաբար նա և նրա վարորդը վնասվածքներ չեն ստացել: Ժամեր անց այս մասին ֆեյսբուքում գրառում է թողել նաև Արմեն Աշոտյանը. «Իմ հարգելի և սիրելի ընկերներ: Այսօր իմ մեքենան իրոք ենթարկվել է ավտովթարի: Բարեբախտաբար ոչ վարորդս, ոչ ես վնասվածքներ չունենք:
Անեկեղծ շոնրահակալ եմ Ձեր անհանգստության, սրտացավության, մտահոգության և անկեղծության համար: Ձեր բազում գրառումներն ու համերաշխությունը ապացուցում են, որ մեր ընկերությունն ու մտերմությունը վիրտուալից դարձել են իրական:
Խորին երախտապարությամբ` Ձեր Արմեն: Հ.Գ. Անկեղծ ասած ուժեղ սթրես եմ տարել, գնացել եմ ու մի լավ խմել: Կներեք ուշ գիշերային գրառման համար»: Գրառմանը հետևել են մեկնաբանությունները, որոնցից մի քանիսը նույնիսկ դժգոհություններ են արտահայտել. «Օրեկան տասնյակ ավտովթարներ են տեղի ունենում… չեմ կարծում, որ այս ավտովթարը տարբերվում է ինչ-որ բանով, որ մի հատ էլ կայքերում լուսաբանվի… չէ որ նախարարն էլ համարվում է ժողովրդի մի մասնիկ», – կարծում է Աշոտ Սարգսյանը, իսկ Սուսան Աղաջանյանը գրել է. «Բա առանց պարոն Աշոտյանի…էտ կիսանդրու բացումն ինչպես արեցի՞ն, ի դեպ Հրանուշ Հակոբյանի հայրը ազգային հերո՞ս է եղել», Կարեն Կարապետյանն էլ կատակում է. «Երևի վարորդնելա վթարի պահին Facebook-ում եղել»:
Տիգրանուհի Թասլակյան