3 տարի առաջ 33 տարեկան հասակում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը իր ձեռքի տակ տեսանյութ ունի, որը հրապարակելու դեպքում իր որդու սպանության հետ կապված շատ մութ էջեր կլուսավորվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը եւ սպառնաց, որ համբերության բաժակը լցվելուց դեպքում կհրապարակի այդ տեսանյութը:
Նրա խոսքով, այն մարդը ում սպանության կասկածանքով ձերբակալել էին, հիմա ազատության մեջ է, բավականին լուրջ ցուցմունքներ է տալիս, թե ոնց են համոզել իրեն, որ սպանությունը վերցնի իր վրա: «Նա բառացիորեն պատմում է, թե ինչպես են իրեն համոզել սպանությունը վերցնի իր վրա, որ զեկուցեն Ալիկ Սարգսյանին»,- նշեց Պետրոս Մհերյանը:Ավելին` Պետրոս Մհերյանը ընդգծեց, որ Գեւորգ Մհերյանը մեկ USB-կրիչ է ունեցել: Այնինչ` ոստիկանության փաստերով երեք USB-կրիչ է առկա: «Ես իմ տղայի ձեռքում մեկ ֆլեշկա եմ տեսել, որին շատ խնամքով էր վերաբերում եւ միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ էլ ասաց, որ նախագահին զեկուցելու շատ կարեւոր ինֆորմացիա ունի: Սպանությունից հետո էլ մի շարք պաշտոնյաներ ինձ ասացին, որ այդ ֆլեշկայի մեջ այնքան կարեւոր ինֆորմացիա կար, որ եթե Սերժ Սարգսյանին հասներ, մի շարք մարդկանց գլուխներ կթռնեին»,- պատմեց Պետրոս Մհերյանը: Հարցին, թե ավելացած ֆլեշկաների մեջ ցանկացել են իրենց ուզած ինֆորմացիան տեղադրել, նա պատասխանեց․ «Միանշանակ: Երբ ես սկսեցի ֆլեշկեն ման գալ, որոշ ժամանակ անց կանչում են հարսիս եւ ասում, թե սա այն ֆլեշկան է, որը հայրը ման է գալիս: Սակայն հիմա ոչ մեկը չկա: Բայց, ոչ միայն ֆլեշկեքը չկա, այլեւ ֆաքսը, եւ սպանության օրը Գեւորգի անցած ճանպարհների տեսաձայնագրություննեը: Վերացրել են, որ չտեսնենք, թե ինչ մեքենաներ են նրա հետեւից գնում: Իսկ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տեսանյութերի մեջ կա այն մարդը, ում փորձում են կոծկել»,- նշեց Պետրոս Մհերյանը:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը