Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները ճանաչողական այցով Սյունիքի մարզում են

Դեկտեմբեր 22,2012 22:37

Դեկտեմբերի 21-23-ը Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Peoplemeter PR ընկերությունը մայրաքաղաքում աշխատող լրագրողների համար կազմակերպել է ճանաչողական այց Սյունիքի մարզ` նպատակ ունենալով  նրանց ծանոթացնել Սյունիքի մարզի  խնդիրներին, ինչպես նաեւ ձեռքբերումներին եւ բնակչության կենցաղին:

Դեկտեմբերի 21-ին մարզ ժամանած լրագրողներն «աշխարհի վերջը» դիմավորեցին Տաթեւում` աշխարհի ամենաերկար ճոպանուղին նստելով, իսկ հաջորդ օրը Գորիսից ուղեւորվեցին Կապան, որտեղ նրանք այցելեցին 1100-ամյա Վահանավանքի վանական համալիր, տեղում ծանոթացան վանքի պատմությանը, համալիրի գլխավոր եկեղեցու հարեւանությամբ 1086թ.-ին կառուցված Ս.Աստվածածին դամբարան-եկեղեցու (Շահանդուխտի եկեղեցու) կառուցման պատմությանը: Իր տեսքով Շահանդուխտի եկեղեցին ավելի շատ նման է հեթանոսական տաճարի, սյուների տեղադրման դեպքում այն Գառնու տաճարի փոքր տեսքը կընդունի: Նաեւ նշվեց, որ Կապանում ընդունված է, երբ բնակիչները չեն կարողանում երեխա ունենալ, գալիս են Շահանդուխտի եկեղեցում մոմ վառելու: Շատերը հավատում են եկեղեցու զորությանը եւ հետագայում երեխա ունենալու հրաշքը պայմանավորում են դրանով:

Սյունիքի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ  են որոշել Սյունիքում առկա   բազմաթիվ ու թեժ խնդիրներ ունեցող կետերը թողած` լրագրողներին ուղեկցել դեպի  Վահանավանքի համալիր, Տաթեւի ճոպանուղի եւ Խնձորեսկի ճոճվող կամուրջ եւ ի՞նչ խնդիրներ պետք է լրագրողները տեսնեն այս վայրերում: «1100-ամյակը նշած Վահանավանքի վանական համալիրը շատ մեծ դժվարություններով կիսով չափ վերանորոգվեց: Երրորդ տարին է ՀՀ մշակույթի նախարարությունը, համապատասխան մյուս կառույցնեը որեւէ բան չեն ձեռնարկում Վահանավանքի վերականգնման հետագա աշխատանքները վերջացնելու համար: Մեծ աշխատանքն անել եւ թողնել կիսատ, նույնն է` թե աշխատանք չանել:  Լրագրողները գնում են Խնձորեսկ ոչ միայն ճոճվող կամուրջը տեսնելու համար, նաեւ հնարավորության սահմաններում հանդիպելու տեղաբնակներին եւ պատմամշակութային արժեքներ ներկայացնող Խնձորեսկի հսկա ժայռաբեկոր բնակարաններ տեսնելու, որտեղ դեռ շուրջ 60 տարի առաջ մարդ էր բնակվում»,- ասաց պարոն Դավթյանը:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վանական համալիրում լրագրողներին ասաց, որ գարնանը տեղական ուժերով կսկսեն եւ ավարտին կհասցնեն Վահանավանքի վերականգնման աշխատանքները:

Peoplemeter PR ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մալյանի փոխանցմամբ`  լրագրողների համար նախատեսվում է նաեւ այցելություն կազմակերպրել մարզի մի քանի գյուղեր` տեղաբնակների հետ շփվելու, նրանց կենցաղին ու խնդիրներին ծանոթանալու համար, իսկ մայրաքաղաք վերադառնալու ճանապարհին  Սիսիանում կայցելեն շփման առաջին գիծ եւ կհանդիպեն զինվորականների հետ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31