Ժամանցի վայրերը շատ են, լավ ժամանակ անցկացնելու ցանկությունը`ևս, հատկապես, երբ քեզ ուղեկցողը զուգընկերդ է: Այս թեմայով մենք անցկացրեցինք հարցում՝պարզելու, թե ուր են նախընտրում գնալ աղջիկներն իրենց փեսացուների հետ: Ամենաշատ հնչած պատասխանների թվում են սրճարանները, կինոթատրոնները և այգիները (հարցմանը մասնակցել է 25 աղջիկ):
«Այգում դու զգում ես բնության շունչը: Բնությունը ևս սեր է, նա կարծես ուրախ է ձեզ համար: Դու ավելի ազատ ես, ուրախ ու երջանիկ,-ասում է 18-ամյա Ռոզանն ու հավելում,-ամռան ամիսներին հաճախ ես ու ընկերս մեզ հետ վերցնում ենք քաղցրավենիք, գնում այգի ու այնտեղ ժամերով զրուցում տարբեր թեմաներից, լինում է նաև, որ միասին զբաղվում ենք ընթերցանությամբ»: Կան նաև երիտասարդներ, ովքեր նախընտրում են գնալ բարեր, որովհետև այնտեղ մութ է, կարող են առանց կաշկանդվելու համբուրվել և այլն: 21-ամյա Լիանան ժամանցի վայրերից նախընտրում է բարը. «Ես չեմ անհանգստանում, որ կարող եմ հանդիպել ծանոթ մարդու, մինչդեռ սրճարանում լարվածության մեջ եմ: Բարում ավելի հանգիստ է, ոչ մարդաշատ ու ռոմանտիկ մթնոլորտ է»: Սակայն հարցմանը մասնակցած աղջիկներից մի քանիսը քննադատաբար են վերաբերվում աղջիկների բար գնալու հանգամանքին՝ պարզաբանելով, որ դա անպարկեշտ միջավայր է: Աղջիկները նախընտրում են գնալ նաև կինոթատրոններ՝ ինչպես ռոմատիկ ֆիլմ, այնպես էլ սարսափ կամ կոմեդիա դիտելու: «Ընկերոջդ հետ ամենահետաքրքիր բանը երևի ֆիլմ դիտելն է, իսկ վերջում՝ այն քննարկելը: Բայց պիտի խոստովանեմ, որ շատ է պատահել, որ ֆիլմի կեսից դուրս ենք եկել դահլիճից` ֆիլմում առկա անպարկեշտ տեսարանների պատճառով: Ամեն դեպքում շատ հետաքրքիր է, երբ կողք-կողքի լարված և ուշադիր նայում եք էկրանին, իսկ իրականում մտածում եք միմյանց մասին»,-ասում է 22-ամյա Ռիման:
Ժամանցը ճիշտ կազմակերպելու համար նախևառաջ անհրաժեշտ գումար է հարկավոր: Դրանով մեծամասամբ տղաներն են մտահոգվում, բայց աղջիկները ևս «անխիղճ չեն», հաշվի են առնում իրենց զուգընկերների ֆինանսական կարողությունները: Թերևս այդպես հավաստիացրին մեր անցկացրած հարցման մասնակիցները: «Ինքս ոչ մի տեղ չեմ առաջարկում գնալ, եթե նա հրավիրում է, նշանակում է ունի այդ հնարավորությունը, եթե ոչ, ապա բավարավում ենք միայն զբոսնելով»,-ասում է 19-ամյա Լիանան: Նույն կերպ են վարվում նաև հարցման մասնակիցներից 15-ը:
Նազենի Բաղդասարյան