Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որսագողության մեջ մեղադրվող ամուսինների գործն արդեն դատարանում է

Դեկտեմբեր 22,2012 18:22

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է որսագողության հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը, և գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ‹‹Փաստինֆո››-ի ունեցած տեղեկությունների, գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Նադոյանն առարկել է արագացված դատաքննության կարգով գործը քննելու դեմ:

Գործով մեղադրվում է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի որս անելու, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նրա կինը՝ Մարինե Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի որս կատարելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության, Նորիկ Սարգսյանը՝ օգտվելով ‹‹Հայաստանի որսորդների ու ձկնորսների միավորում›› ՀԿ-ի անդամ լինելու հանգամանքից և, ձեռք բերելով որսորդական հրացաններ, փամփուշտներ և այլ զինամթերք, գործարանային և ինքնաշեն թակարդներ (մետաղյա ճոպաններ), ձկնորսական էլեկտրական և գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ, նախնական համաձայնության գալով կնոջ` Մարինե Գրիգորյանի հետ, խմբում ներգրավելով այլ որսորդների ու որսամսի գնորդների` 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, սիստեմատիկաբար ձիով մուտք է գործել ‹‹Խոսրովի անտառ» պետական արգելոց, մասնավորապես` Կաքավաբերդի տեղամաս: Ընդ որում, այդ գործողության անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարող պետարգելոցի տեսուչներին հակադարձել է ոստիկանության աշխատակից լինելու հանգամանքը (ինչը նրան ապահովել է անձեռնմխելիություն): Նա, ըստ մեղադրանքի, Կաքավաբերդի տեղամասում և հարակից տարածքներում պարբերաբար կատարել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, որսն ամբողջովին արգելված վայրի կենդանիների` 42 կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70 կգ մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464 կգ մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի և էլեկտրական հոսանքի օգտագործմամբ` նույն տարածքով հոսող Ազատ գետից 34 կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան որս: Ըստ նախաքննական մարմնի, ամուսինների հանցավոր գործունեության մեջ ներգրավված են եղել ‹‹Սմբո››, ‹‹Ռոմիկ››, ‹‹Նորո››, ‹‹Արտյոմ››, ‹‹Ծկլ››, ‹‹Պապա››, ‹‹ Ավո›› անուններով և մականուններով որսորդներն ու որսամսի գնորդները, որոնց ինքնությունը դեռևս քննությամբ չի պարզվել:

Հատուկ քննչական ծառայությունը իրականացրած նախաքննությամբ պարզել է, որ ձուկը որսամսի և արջի մորթու հետ շուկայական գնով (մսի կիլոգրամը` 3000, ձկանը` 5000, արջի մորթին` 40.000 դրամով) իրացրել է Ն.Սարգսյանի կինը` Մ.Գրիգորյանը, իսկ գոյացած գումարը բաժանել իր ամուսնու ու մյուս որսագողերի միջև` գործընթացը ենթարկելով գրավոր հաշվառման: Նաև մասնակցել է որսագողության նախապատրաստմանը, ընդունել որսը, մասնակցել որսամսի մշակմանն ու պահպանմանը, զենքերի, զինամթերքի, սարքավորումների պահպանմանը:

Նորիկ Սարգսյանի, Մարինե Գրիգորյանի և մյուսների ապօրինի գործողությունների հետևանքով բնությանը պատճառվել է 9.600.000 դրամի խոշոր վնաս, ինչն առաջացնում է համապարտ փոխհատուցման պարտավորություն` նվազագույն 37.600.000 դրամի չափով:

Նորիկ Սարգսյանը նույն ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել ու վերոհիշյալ հասցեում` իր տանը, պահել է ռազմամթերք հանդիսացող և կրակոցի համար պիտանի 5,45 (5.45X39) մմ տրամաչափի մարտական փամփուշտ` նախատեսված ‹‹ԱԿ-74›› տեսակի ինքնաձիգի, ‹‹ՌՊԿ-74›› տեսակի ձեռքի գնդացրի և դրանց մոդիֆիկացիաների համար:

Առաջադրված մեղադրանքում Նորիկ Սարգսյանն ու Մարինե Գրիգորյանն իրենց մեղավոր չեն ճանաչել և, օգտվելով դատավարական կարգավիճակից, հրաժարվել են ցուցմունքներ տալուց:

Ի դեպ, նրանց տանը կատարված խուզարկության ժամանակ ի թիվս այլ առարկաների, մասնավորապես զենքի և որսի համար նախատեսված պարագաների, մետաղական թակարդների, էլեկտրական մարտկոցների` հոսանքի լարման կարգավորիչով, հայտնաբերվել է նաև արջի ճարպ, կարմրախայտ տեսակի ձուկ, թղթի կտորներ` որսագողության վերաբերյալ մանրամասն գրառումներով: Այդուհանդերձ ամուսինները պնդել են, թե որևէ հանցագործություն չեն կատարել, անգամ հրաժարվել, թե թղթի կտորների վրայի գրառումների հեղինակը իրենք են: Նկատենք, որ Մ.Գրիգորյանը սկզբում ընդունել է, որ իր ձեռագիրն է, բայց հետո հրաժարվել այդ նախնական ցուցմունքից: Իսկ նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն` այդ թղթի կտորների վրայի գրառումները կատարվել են հենց Մարինե Գրիգորյանի կողմից: Իսկ գրառումներն իրոք հետաքրքիր են և պարունակում են նշումներ ու հաշվարկներ տարբեր կենդանիների, ձկան վաճառքից գոյացած գումարների և դրանք որսի մասնակիցների միջև բաժանելու մասին:

Հիշեցնենք, որ գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել ‹‹Խոսրովի արգելոց›› քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանի և Յաղիա Նարսիսյանի բացահայտումները: Նրանք ‹‹Խոսրովի անտառ›› պետարգելոց իրենց հերթական արշավի ժամանակ` 25.09.2012թ., Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ու գորշ արջի գլուխ, նապաստակի մորթի, որսագողության այլ հանցանշաններ՝ ոգելից խմիչքի շշեր, խարույկի մնացորդներ, մետաղյա ճոպանից պատրաստված ինքնաշեն թակարդ՝ ամրացված ծառի բնին, որի կեղևն ու ճյուղերը թակարդն ընկած արջի պայքարի հետևանքով վնասված, կոտրտված են եղել: Բնապահպանները տեսաձայնագրել են այդ ամենը (սկավառակը կցված է քրեական գործին): Տեսանյութը տեղակայվել է hetq.am ինտերնետային կայք-էջում, հրապարակվել հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով: Բնապահպանները հետևություն են արել այն մասին, որ ‹‹Խոսրովի անտառ›› պետարգելոցի հիշյալ դեպքը կազմակերպված է օլիգարխների կողմից:

Քրեական գործի հարուցումից հետո՝ սեպտեմբերի 28-ին, բնապահպան-ակտիվիստների մասնակցությամբ հիշյալ վայրում իրականացված քննչական փորձարարությամբ հաստատվել է Հայաստանի ‹‹Կարմիր գրքում›› գրանցված վայրի կենդանիների՝ գորշ արջի և բեզոարյան այծի որսագողության փաստը: Հայտնաբերվել են այծի գլուխը, ծառը՝ թակարդն ընկած արջի պայքարի ակնհայտ հետքերով, որսորդական փամփուշտի բաղադրամաս խից, կենդանու ներքին օրգանների նմանվող զանգված: Այդ ամենն օրենքով սահմանված կարգով փաթեթավորվել, կնքվել և կենսաբանական փորձաքննությունից հետո ճանաչվել է քրեական գործով որպես իրեղեն ապացույց: Դեպքի վայրում կիրառված տեսաձայնագրառման սկավառակը կցվել է քրեական գործին:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31