«Առաջիկա նախագահական ընտրություններում մեր կողմից սատարվող թեկնածուն ունի բարձր հնարավորություններ առանց որոշ մարդկանց արջի ծառայությունների լեգիտիմ ձեւով ընտրվելու Հայաստանի նախագահ»,- այսօր ՕԵԿ արտահերթ 11-րդ համագումարում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Համագումարից հետո Aravot.am-ն ու henaran.am-ը ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեցին՝ ում նկատի ուներ պարոն Բաղդասարյանը արջի ծառայություններ իրականացնող որոշ մարդիկ ասելով:
«Կան մարդիկ, որոնք ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել եւ արջի ծառայություններ մատուցել: Արթուր Բաղդասարյանի խոսքն ուղղված էր այս մարդկանց: Այսօր պետությունն ունի ոչ միայն շատ լավ ընտրություններ կազմակերպելու հնարավորություն, այլեւ մեր դիրքերը միջազգային ժողովրդավարական հանրության շրջանակներում բարձրացնելու եւ ամրապնդելու հնարավորություն»,- ասաց պարոն Շահգելդյանը:
Կարդացեք նաև
Հարցին, արդյոք այդ արտահայտությունն ուղղված էր ԲՀԿ-ին, պարոն Շահգելդյանը խորհուրդ տվեց չանձնավորել. «ԲՀԿ-ի խնդիրը չկար, ԲՀԿ-ն հայտարարել է որ չի առաջադրվում, ինչի՞ մասին է խոսքը գնում»:
Պարոն Շահգելդյանը անդրադարձավ նաեւ պարոն Բաղդասարյանի հայտարարությանը՝ մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ պարոն Բաղդասարյանն ասել էր, թե ամբոխին դուրս հանած առաջնորդը այդ օրերին իր տնից երկու քայլ դուրս չարեց, իսկ ամբոխի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն ու նրա նման ազնիվ գործիչները չէին, որոնք երկար ժամանակ անցկացրին բանտերում:
«Վերագնահատում չենք կատարել, պարոն Բաղդասարյանի խոսքի մեջ ամեն ինչ շատ հստակ էր, ինչը՞ մեկնաբանեմ, դուք լսեցիք»:
Նա չհստակեցրեց, թե ինչից ենելով, պարոն Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանին ազնիվ գործիչների դասին կարգեց. «Ինքը ունի դիրքորոշումներ ու արտահայտում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը` շուտով