«Art drive crew» եւ «Slim dance crew» բրեյք դանսի թիմերը եզրափակեցին իրենց աշխատանքային տարին: Նրանք Երեւանի No.185 միջնակարգ դպրոցում ցուցադրեցին պարային համարներ, որոնք սովորել էին այդ ընթացքում:
Երկու խմբերի պրոդյուսեր Արտակ Մուսաելյանը մեզ ասաց, որ սա լավ առիթ է երեխաների հնարավորությունների ցուցադրման համար: Ըստ նրա, դա գալիս է հաղթելու ցանկությունից, քանի որ միջոցառումը նաեւ մրցույթ է: Հաղթողներին որոշելու է ժյուրին. « Հարություն Հարությունյանը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, հետեւելու է մասնակիցների դերասանական խաղին: Ունենք հյուր Ռուսաստանից, ով նույնպես ժյուրիի անդամ է` Դիմա Իվանովը: Նա բրեյք դանսի մասնագետ է եւ գնահատելու է շարժումների կատարման որակը: Ես էլ եմ ժյուրիի կազմում: Երեւի թե Հայաստանում դրայվի միակ մասնագետն եմ ու գնահատելու եմ շարժումների էներգիան: Առաջին տեղը զբաղեցնողները կդառնան «Battle Freez» խմբիի լիիրավ անդամ»:
Նշեմ, որ «Art drive crew» եւ «Slim dance crew» խմբերը «Battle Freez»-ի դուստր թիմերն են: Առաջինը գործում է 185 միջն. դպրոցում, իսկ երկրորդը` «Զովունի» մշակույթի տանը:
Ինչպես Մուսաելյանն ասաց` իմանալով, որ մրցույթ պետք է լինի, երեխաները ավելի են ոգեւորվել. «Ձգտմանն է շատ նպաստում»:
Անի Սահակյանը «Art drive crew» խմբից է: Արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում է բրեյք դանսով: Իր թիմում միակ աղջիկն է: Ասում է` տղաների հետ այդքան էլ դժվար չէ. «Այս պարը շատ եմ սիրում: Քանի որ ամբողջ աշխարհում պարում են, ինձ էլ է դուր գալիս եւ ես էլ եմ ցանկանում լավ պարուհի դառնալ: Դրա համար փորձում եմ պայքարել»:
Արամ Արարատյան