Հաշվի առնելով 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական և օրենսդրական մեխանիզմների ձևավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, «Օրինաց երկիր» կուսակցության XI արտահերթ համագումարը հայտարարում է, որ
– «Օրինաց երկիր» կուսակցությունը 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատարելու է Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետկան կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանավույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում,
-ըստ ամենայնի աջակցելու է արդար, ազատ և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը,
-շարունակելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հուսալի և վստահելի կառուցողական համագործակցությունը, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները և արդյունավետ իրականացնել ՕԵԿ և ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը,
-գործադրելու է առավելագույն ջանքեր երկրում ծառացած խնդիրները համարձակ, նախաձեռնողական և նորարարական մոտեցումներով աստիճանաբար, բայց հաստատուն լուծելու, մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու, պետության սոցիալական գործառույթները և զորակցությունը ընդլայնելու, հասարակության սպասումներն արդարացնելու համար,
-ձեռնարկելու է ակտիվ և հետևողական քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծման, Հայրենիք- Սփյուռք համագործակցության և կապերի ամրապնդման, ազգային համաձայնության, երկրում քաղաքական կայունության և զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության և դերի բարձրացման ուղղությամբ:
«Օրինաց երկիր» կուսակցության XI արտահերթ համագումար