Aravot.am-ն այսօր խնդրեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին մեկնաբանել Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի հետ կատարված միջադեպը: Նա դատապարտեց՝ ասելով, որ ցավոք, դա բացառիկ չէր. «Պիտի դատապարտվի եւ պատժվի դա՝ անկախ մարդու անուն-ազգանունից»:
Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց նաեւ ԲՀԿ եւ ՀԱԿ պատգամավորների գաղտնալսումը: Մեր հարցին՝ իսկ Դուք սրճարաններում հանդիպումներ, քննարկումներ չե՞ք ունենում եւ գաղտնալսումներից չե՞ք վախենում՝ նա ծիծաղեց. «Ոչ: Ես պաշտոնական հանդիպումները անում եմ գրասենյակում, շատ մարդկանց հետ հանդիպում եմ մեր տանը»: Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ զգուշավոր եք՝ նա հերքեց. «Ոչ: Դուք լավ գիտեք, որ ես 15 օր դրսում բացօթյա ներկայություն ապահովեցի 24-ժամյա՝ կրուգլասուտչնը եւ այնտեղ հաղորդակցվելու՝ ձայնագրվելու, տեսագրվելու լիքը առիթ տվեցի ցանկացողներին: Դրա համար ես չեմ խուսափում եւ որպես պատմաբանի որդի՝ հրապարակային ելույթներում, նաեւ մասնավոր զրույցներում ես միշտ ինձ համարում եմ արձանագրության մեջ: Այնպես որ, չեմ վախենում դրանից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ