Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Քոքոբելյանի մասին. «Չեմ միջամտում հարգելի պարոնի եւ Աստծո փոխհարաբերություններին»

Դեկտեմբեր 22,2012 14:23

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում «Ազատ դեմոկրատների», այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների բացակայությունը բացատրեց այսպես.. «Չենք հրավիրել: Անգամ եթե քարոզարշավի մեկնարկին չերեւա այդ համախմբումը, ընթացքում կերեւա»:

Հարցին՝ «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը համարենք ավարտվա՞ծ՝ նա պատասխանեց. «Ոչ մի բան ավարտված չէ: Ավարտված է մի հոգու պահվածքի պատմությունը, ուրիշ ոչ մի բան ավարտված չէ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ բավականին մեծ գումարներ են պտտվում նախագահական ընտրություններին, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր քարոզարշավը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք հարգելու ենք ՀՀ օրենքը, որ ասում են՝ 100 մլն դրամ: Դա օրենք է, իսկ այն մարդը, որ խախտում է օրենքը, խախտում է ազատ, արդար ընտրությունները»: Նա ասաց, որ դեռ այդ 100 մլն դրամը չկա, բայց աշխատում են այդ ուղղությամբ եւ հույս ունի, որ կկարողանան  իրենք դա հավաքել, որը կհոգա իրենց նվազագույն ծախսերը, այցելությունների ծախսերը. «Ես չեմ ուզում, որ որեւէ թեկնածու խախտի որեւէ օրենք, որովհետեւ դրանից կբխի ազատ, արդար ընտրոթյունների հերթական ձախողումը մեր երկրում»:

Հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնառաջադրվել է, հարցին, դա արվեց, որպեսզի պարտության դեպքում չվերագրվի՞ «Ժառանգությանը»: Նա ի պատասխան՝ հորդորեց այլ տեսանկյունից նայել. «Ժառանգությունը ազատ քաղաքացիների ամբիոն է: Իմ որոշումը՝առաջադրվելու որպես շարքային քաղաքացի, բխում է այդ քաղաքացիական ակունքից, որը ուզում է հարգել քաղաքական դաշտը, բայց հավելյալ կուսակցականությունը ստորադասել պետական շահից եւ քաղաքացու իրավունքից: Իմ այս քայլը հուսով եմ  թույլ կտա այլ քաղաքացիների էլ վերանայել մոտեցումները, չվախենալ կուսակցական անդամներից: Հաղթանակը բոլորինս է, պարտությունն էլ ընդհանուր կլինի»:

«Ազատ դեմոկրատների»՝ իրեն սատարելու մտադրության մասին նա ասաց, որ տեղյակ չէ: Հարցին՝ կցանկանայի՞ք, որ սատարեն, նա բացատրեց, որ ցանկացած ուժի սատարելը ողջունելի է. «Ես էլի եմ կրկնում, ես որեւէ մեկի հավատաքննիչը չեմ: Եղել է բազմաթիվ, բազմատեսակ հանձնառությունների խախտում: Այդ խախտումը արդեն Աստծո ձեռքում է: Ես չեմ միջամտում հարգելի պարոնի եւ Աստծո փոխհարաբերություններին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31