Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Պապայանի 70-ամյակի առթիվ

Դեկտեմբեր 22,2012 14:00

 1942թ.-ին՝ մեր երկրի համար արհավիրքի տարում, դեկտեմբերի 22-ին ծնվել է Ռաֆայել Պապայանը։

Հայ հասարակությունը լավ գիտեր նրա հորը՝ արձակագիր եւ դրամատուրգ Աշոտ Պապայանին (պատերազմից վերադառնալուց հետո նա ներկայանում է իբրեւ Արամաշոտ՝ իր անվանը կցելով ռազմաճակատում զոհված իր սիրելի ընկերոջ անունը): Շատ արժանավոր անձնավորություն էր նաեւ նրա կինը՝ տիկին Եվան, մեծ ընտանիքի կիրթ, մեղմ ու անձնուրաց մայրը։ Այնպես որ՝ իր ծննդով Ռ. Պապայանը մտավորական էր։ Մտավորական էր նա նաեւ իր կյանքի երկու հիմնական դրսեւորումներով՝ մարդու իրավունքների անխոնջ պաշտպանությամբ եւ գրականագիտական գիտակարգերի դասավանդմամբ։

1983թ.-ին նա «արժանացավ» սովետական մտավորականի ճակատագրին՝ բռնադատվեց հակասովետական գործունեության համար, ուղարկվեց Մորդովիայի կալանավայր, հետո՝ աքսորավայր՝ Դոնի Ռոստովի մարզում, եւ մեկ տարի չանցած՝ 1986-ին, նրան արդարացրեց Գորբաչովի հրամանագիրը։

Վերադառնալուց անմիջապես հետո, չհետեւելով մեր մտավորականության մի մասին բնորոշ կարգախոսին՝ «չանդամակցել կառավարական կառույցներին», Պապայանը պատրաստակամ ծառայեց իր ժողովրդին՝ ողջ եռանդով օգտագործելով իր բոլոր հնարավորությունները։

Չէր մոռանում նաեւ իր սիրած մասնագիտությունը. դասավանդում էր, գրում (160-ից ավելի գիտական հոդվածներ՝ հրատարակված Երեւանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Տարտուում, Փարիզում), անթիվ թարգմանություններ, սեփական բանաստեղծություններ… Նրա բանասիրական շնորհն այնքան հզոր էր, որ թարգմանում էր ե՛ւ հայերենից ռուսերեն (20-րդ դարի հայ պոեզիայի ծաղկաքաղ, Միսաք Մեծարենց, Դանիել Վարուժան, Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը), ե՛ւ ռուսերենից հայերեն (Տյուտչեւ, թարգմանչի կողմից շատ սիրված եւ հոգեհարազատ Օկուջավա)։ Օկուջավայի եւ Պապայանի կապը, իրոք, խորքային էր. բարեբախտաբար, նրանց հաջողվել էր հանդիպել, իսկ 2009թ. մայիսի 9-ին մենք՝ Ռ. Պապայանի ջերմեռանդ նախաձեռնությամբ, նշեցինք այդ պահին մեզնից արդեն հեռացած Բուլատի 85-ամյակը՝ երգելով նրա երգերը ռուսերեն ու հայերեն…

Բազմաշնորհ էր Պապայանը, բազմատաղանդ, շռայլ հոգով ու ձեռքով, հմայիչ էր ու սիրելի շատերի համար, ընկերասեր էր, միշտ հյուրաշատ էր իր տունը. բազմամարդ՝ Ֆիլհարմոնիկի փոքր դահլիճը նրա սիմֆոնիկ ստեղծագործությունների կատարման օրը. շատ-շատերը գնել են եւ իրենց գրադարաններում կպահեն Պապայանի հրատարակած գրքերը։

ՆԱՏԱԼՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31