Ռիգայի Գեղարվեստի ակադեմիայում բացվել է հայաստանցի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Այն կազմակերպել են Լիտվայի եւ Լատվիայի հայկական համայնքները՝ Ռիգայի Գեղարվեստի ակադեմիայի հետ համատեղ:
Ցուցահանդեսի բացումը օրհնեց տեր Խոսրով քահանան՝ ընդգծելով, որ վաղուց սպասված իրադարձությունն արդեն կայացավ, այդ օրն իսկական մշակութային տոն է, եւ որ հայ նկարիչներն առաջին անգամ են այսպիսի ամբողջական տեսքով ներկայանում Լատվիայում: Ցուցահանդեսի բացման ժամանակ նույն իրողությունն ընդգծեց Ռիգայի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Ալեքսեյ Նաումովը՝ ավելացնելով, որ ցուցահանդեսը արվեստասերներին հնարավորություն կտա հաղորդակցվելու հայկական գույներին:
Իսկ պրոֆեսոր Րաֆֆի Քարաջանյանը նշեց, որ այստեղ մի կտոր Հայաստան է բերված, եւ որ իսկապես, այստեղ ավելի հաճախ պակասողը հայկական տաք գույներն են:
Կարդացեք նաև
Օրվա մյուս բանախոսների համոզմամբ՝ այս ամենը սկիզբ է տալիս մշակութային երկխոսությանը, որը անհրաժեշտ է ծավալել երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ ռիգացի հայ նկարչուհի Կարինե Պարոնյանցի եւ լատիշ նկարչուհի Անիտրա Բերզինյայի հայկական թեմաներով աշխատանքները: Նրանց այս գործերը համարել են «բալթիական հայացք՝ Հայաստանի գեղեցկությանը»: Իսկապես, նրանց կտավների համար հիմք են ծառայել Սայաթ-Նովայի եւ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները:
Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները նշում էին, որ այս ամենն իր շարունակությունը պետք է ունենա: Փոխադարձ ցուցադրությունները ոչ միայն թույլ կտան լավ ճանաչել միմյանց արվեստը, այլեւ զարգացնել ու սերտացնել կապերը՝ զուգակցելով բալթիական սառը սթափությունը եւ հայկական տաք գույները:
Կազմակերպիչներից մեկը՝ Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանն ընդգծեց, որ իրենց համագործակցությունը ՀՀ մշակույթի նախարարության, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի, «Փյունիկ» հիմնադրամի, «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից կազմակերպվող «Հայկական ներկապնակ» ծրագրի հետ կարելի է կայացած համարել:
Իսկ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը մեզ հետ ունեցած զրույցում ասաց. «Ռիգայի ցուցահանդեսը եւս մեծ հետաքրքրություն է առաջացրել, եւ արդեն առաջարկություններ կան, որ Ռիգայից հետո մերձբալթյան երկրների այլ քաղաքներում եւս ցուցադրություններ կազմակերպվեն: Դա մենք սիրով կիրականացնենք համատեղ ուժերով՝ տեղի համայնքային կազմակերպությունների աջակցությամբ: Ամենակարեւորը՝ արդեն կա արվեստի այն կամուրջը, որով կարելի է համագործակցել, համատեղ ամենատարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպել»:
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ