ՀՀՇ 17-րդ՝ այսօրվա համագումարին ելույթով հանդես է եկել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ ՀՀՇ մամուլի ծառայության՝ նա նշել է.
«ՀՀՇ համագումարի հարգելի պատվիրակներ, մեծարգո հյուրեր
Անցած 2 տարիները մեր կուսակցության համար եղել են դժվարությունների և հաջողությունների տարիներ: Դրանք պայմանավորված են եղել մեր կողմից ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման և օրինական իշխանություն ձևավորելու խնդրով, ինչպես նաև գործող ռեժիմի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու, քաղաքական ուժերին ճնշելու քաղաքականությամբ, որն արտահայտվել է մեր ակտիվիստների, կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող շարունակական հետապնդումներով, ահաբեկումներով և ձերբակալություններով: Նշեմ, որ վերջին 5 տարվա մեջ ընդամենը 2 ամիս, 10 օր՝ 2011թ. հունիս-հուլիս ամիսներին է, որ ՀՀ-ն քաղբանտարկյալ չի ունեցել:
1999թ հոկտեմբերի 27-ի ու 2008թ մարտի 1-ի ոճիրներով արմատակալած իշխանությունները Հայաստանում հետևողականորեն շարունակեցին վախի ու անպատժելիության մթնոլորտ ստեղծելը:
Կարդացեք նաև
Բայց նրանց մեծագույն հանցագործությունը մենք համարում ենք քաղաքացիների դուրսմղումը ՀՀ քաղաքացիական ու քաղաքական կյանքից: Վաղուց այլևս ընտրական տեղամասերում չեն որոշվում ՀՀ-ում իշխանություն ձևավորելու խնդիրը: Ռեժիմի նպատակաուղղված և անօրինական գործողությունները քաղաքացիների մի ստվար զանգվածներին հասցրին հիասթափության, հուսահատության և անպետք լինելու զգացողության:
Ահա և քաղաքացու ինքնամեկուսացման և արտագաղթի հիմնական դրդապատճառներից մեկը: Ու այսօր, չնայած արտագաղթը սրընթաց աճին, ընտրացուցակներում ավելանում են նաև ընտրողների թիվը: Սա, պարզապես, ծաղր է պետության, հայ ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: Ուստի՝ այսպիսի իշխանություններից ազատվելը դարձել է խիստ անհրաժեշտություն:
Նրանք ինչպես ժամանակին օրակարգից դուրս մղեցին Ղարաբաղը՝ որպես բանակցային կողմ, այնպես էլ ֆիզիկապես դուրս են մղում Հայաստանի բնակչությունը Հայաստանից: Այս տարի արդեն արտագաղթի թիվը ավելի քան 70 հազար է, անցած 5 տարիներին՝ պաշտոնական տվյալներով, 200 հազար: Այս գործին իրեն անտարբեր կամ ակտիվ մասնակցությամբ լծված են պետական մարմինները, բազմաթիվ տուրիստական կազմակերպություններ, դեսպանատներում աշխատող ՀՀ քաղաքացիներ:
Արտագաղթի տեմպերը կարող են բերել մի սահմանի, որից հետո պետությունը պարզապես չկարողանա թոշակ ու նպաստ վճարել, ուսուցիչ ու աշակերտ պահել, բանակ և սահման կազմակերպել:
Մենք այսօր արագ տեմպերով մոտենում ենք այդ սահմանին, պետությունը կորցնելու վտանգին: Հայաստանը ներսից դեռ չի պայթել զուտ սփյուռքից եկող տրանսֆերտների ու արտագնա աշխատանքի մեկնածներից ուղարկած միջոցների հաշվին:
Համատարած կոռուպցիան, բացարձակ մենաշնորհները, պետական բյուջեից մեծ ստվերը, անիրավչությունն ու անպատժելիությունը այսօր Հայաստանի բնութագրիչներն են: Եվ այս բնութագրիչները սպառում են, մաշում ու քայքայում մեր պայքարի, մեր զոհողությունների ու զոհերի գնով ձեռք բերած անկախ պետականությունն ու պետությունը: Հանցագործ են համարվում ոչ միայն նրանք, ովքեր իրենց ապաշնորհությամբ կամ նպատակաուղղվածությամբ իրագործում են այս ծրագիրը:
Հանցագործություն կարող է դիտվել նաև սրանցից չազատվելը: Մենք պարտավոր ենք դա անել: Չանելը մեզ չի ներվի:
Հայոց Համազգային Շարժումն արդեն 14 տարի չի լքում պայքարի դաշտը, և իր գործընկեր կուսակցությունների հետ հետևողական է վերը նշած խնդիրը լուծելու համար:
Հարգելի պատվիրակներ և հյուրեր
ՀՀՇ-ն նորանկախ պետության ազատական մտքի առաջնեկն է ու առաջատարը: Ամենապրագմատիկն ու ամենամարտունակը, ամենափորձվածն ու ամենածրագրային:
Լինելով ընդգծված գաղափարական ուժ՝ երբևէ կուսակցության շահը չենք գերադասել պետական շահից: Հանրային անվտանգությունն ու շահը միշտ գերակայել են կուսակցականից և հաճախ դրա համար ենք տուժել կամ մնացել ստվերում: հաճախ մեր կուսակցական ընկերները լռությամբ տարել են զրկանքն ու բեռը: Բայց միևնույն է, մենք նվիրված ենք մեր ազատական գաղափարներին, լինելու ենք բաց քաղաքական ուժ, պատրաստ ենք բոլորի հետ ամեն ինչի մասին քննարկել:
Մենք լինելու ենք հանդուրժող, և դա վերաբերելու է բոլորին, ովքեր ունեցել են սխալներ ու պատրաստ են վերադառնալ կամ ծառայել ՀՀ անկախության գործին։
Մենք լինելու ենք ինտեգրվող կառույց, մեր ապագան տեսնելու ենք եվրոպական կառույցներում։ Ինտեգրումը մեզ համար զարգացման ու առաջընթացի միջոց է:
Մենք կառույցների երիտասարդությանը համարում ենք ազատականացման և գաղափարների տարածման միջոց և այլկերպ չենք կարող պատկերացնել ապագան:
Մենք մարդակենտրոն կուսակցություն ենք, և դա է լինելու մեր քաղաքականության հիմնական առանցքը: ՀՀ քաղաքացին է ՀՀ անկախության կրողն ու պահապանը, և մեր նպատակն է պահպանել նրա անունն ու արժանապատվությունը:
ՀՀՇ-ն հետխորհրդային շրջանի անկախություն վաստակած եզակի կուսակցություններից է, և անքակտելի մաս է կազմում մեր ժողովրդի ժամանակակից պատմության: Մեր կուսակցությունը կգոյատևի այնքան ժամանակ, որքան ազատականությունը պետք կլինի ՀՀ զարգացման համար, և որքան հայ ժողովուրդը կուզենա պահպանել այն, և որքան մենք ազնիվ ու նվիրված կլինենք մեր գաղափարներին ու մեր երկրի Անկախությանը:
Համագումարին զեկուցում ենք՝ ՀՀՇ-ն իր ողջ թիմով, տարածքային կառույցներով պատրաստ է առաջիկա ներքաղաքական բոլոր զարգացումներին ու մարտահրավերներին»:
CIVILNET