Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակահարներին «նախանձում» են ջութակահարները, վոկալիստները եւ մյուսները

Դեկտեմբեր 22,2012 13:48

Երեկ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացած «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա» նախագծի շնորհանդեսը, որը, ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի խոսքերով՝ ներառելու է հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացման 150 տարին ու նախագծի սահմաններում թողարկելու շուրջ 120 CD, համախմբել էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի պրոֆեսորների, ուսանողների եւ դասական երաժշտության երկրպագուների:

Միջոցառմանը ներկա Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորները, ողջունելով այս նախագիծը, հայտնեցին նաեւ իրենց անձնական դիտարկումները: Օրինակ, Սերգեյ Քեչեկը հավաստիացրեց, որ «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիան» ԱՊՀ երկրներում առաջինը մեզանում է մեկնարկում. «Սա պարզապես սխրանք է: Մինչ շնորհանդեսը ինքս անգամ անակնկալի եկա, որ հայ կոմպոզիտորները հեղինակ են 44 դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտի»:

Անահիտ Ներսիսյանը հայտնեց, որ անթոլոգիան ներառելու է հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացման ընթացքը մինչ մեր օրերը. «Կան հայ կոմպոզիտորների դաշնամուրային երկեր, որոնք կատարվել են ընդամենը 1-2 անգամ ու մոռացվել, այդ թվում՝ նաեւ դուետներ… Ես այս անթոլոգիայի գաղափարը նույնիսկ համարում եմ մտքի պայծառացում: Գիտեմ, որ նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով, ի դեպ, դաշնակահարուհի է, եւ համոզված եմ, որ իմ կոլեգա ջութակահարներն ու թավջութակահարները գուցե փոքր-ինչ նախանձախնդիր լինեն, միեւնույն ժամանակ համոզված եմ, որ հերթը կհասնի նաեւ այլ ժանրի անթոլոգիաներին»:

«Ողջունում եմ նախագիծն ու գիտեմ, որ դա գալիս է հայ դաշնամուրային ստեղծագործությունների ակունքներից՝ 20-րդ դարասկզբից, այսինքն՝ Եկմալյանից, Ռոմանոս Մելիքյանից, ներողություն՝ անհամեստությանս համար, մինչեւ իմ ստեղծագործություններ: Բայց գիտեմ, որ, օրինակ, գործընկերս՝ ճանաչված թավջութակահար Արամ Թալալյանը շուրջ 1 տարի առաջ նման գաղափար ուներ: Հասկանում եմ, որ նման երկարաժամկետ նախագիծն ունի հովանավորչական խնդիր, այդուհանդերձ, ի սրտե ցանկանում եմ դաշնակահարներիս «տարոսը» ջութակահարներին, թավջութակահարներին եւ մյուսներին»,- ասաց Սուրեն Զաքարյանը:

Անվանի դիրիժոր Դավիթ Խանջյանի դուստր եւ մեծանուն Տաթեւիկ Սազանդարյանի թոռնուհի Զարուհի Խանջյանն էլ հայտնեց. «Այն ամենը, ինչ անգամ փոքր լույս կամ հույս է տալիս դասական արվեստին՝ ողջունելի է: Ես կերազեի, որ նման անթոլոգիա լիներ նաեւ դիրիժորական ու վոկալ արվեստների ոլորտում: Այս տարի Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 95-ամյակն է, մինչդեռ 5 տարի առաջ օպերային աստղի պատվին քաղաքապետարանը որոշել էր փողոց անվանակոչել, ինչը չիրականացավ: Տատիկիս հիշատակի համար, նրա 90-ամյակի առթիվ իմ ուժերով հրատարակեցի CD: Իհարկե, անցկացվում են Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան միջազգային մրցույթներ, բայց կարծում եմ, որ այս սերունդը ոչ միայն ուսումնական ծրագրերից, այլեւ մեր մեծանուն արվեստագետների անունը հավերժացնող, առաջին հայացքից փոքր թվացող բաներից պիտի ճանաչի մեծերին…

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31