«ՕԵԿ-ը եղել ու մնում է պայքարող փոփոխությունների համար: Մենք ուզում ենք՝ այս ընտրությունները լինեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Առաջիկա նախագահական ընտրություններում մեր կողմից սատարվող թեկնածուն ունի բարձր հնարավորություններ առանց որոշ մարդկանց արջի ծառայությունների լեգիտիմ ձեւով ընտրվի Հայաստանի նախագահ»,- այսօր ՕԵԿ արտահերթ 11-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ընտրություններում հաջողություն մաղթելով իրենց նախընտրած ՀՀԿ թեկնածուին:
«Լինելու ենք նախագահի կողքին, ասել ենք՝ սատարում ենք, ուրեմն սատարում ենք մի մարդու պես,- շարունակեց ՕԵԿ ղեկավարը եւ ասաց, որ
իրենց տեսակը բարոյական տեսակն է ու կապ չունի ռազբորկաների, թալանի հետ. «Մարդկային տեսակով բանսարկություններ չենք իրականացնում, հոդվածներ չենք պատվիրում, տակից խաղեր չենք տալիս: Բարոյականության սկզբունքով ենք առաջնորդվում»:
Թե ինչու են սատարում ՀՀ նախագահին, պարոն Բաղդասարյանը բացատրեց, որ նրա հետ 5 տարվա համատեղ աշխատանքը հիմք է տալիս պնդելու, որ անցան լուրջ փորձությունների միջով եւ այն կառավարությունը, որ գործեց այս տարիների ընացքում՝ կարողացավ կատարել սոցիալական պարտավորությունները:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իրենց կուսակցությունը ակտիվ ներգրավվելու է ընտրությունների կազմակերպչական ու քաղաքական բնույթի բոլոր աշխատանքներում :
Պարոն Բաղդասարյանը վերլուծեց նաեւ ՕԵԿ-ի անցած 15 տարվա ճանապարհը եւ խոստովանեց, որ այն անցել է նաեւ թերություններով, սխալներով:
Նա մտաբերեց, որ 2006-ին որոշ տարաձայնություններ ունենալով , երբ դուրս եկան կոալիցիայից ու շարունակեցին ինքնուրույն ճանապարհը, դա շատ քաղաքական ուժեր որակեցին որպես խաղ: Ըստ նրա, ՀՀ նախագահին ճանաչողները գիտեն, որ նախագահը խաղեր չի սիրում:
Պարոն Բաղդասարյանը նաեւ հպարտացավ, որ չնայած տարբեր ընդդիմախոսների չարախոսություններին՝ ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայն հավաքեց, քան ՀԱԿ-ը իր տասնյակ կուսակցությունների հետ միասին:
Նա անդրադարձավ նաեւ մարտի մեկյան դեպքերին ու հակադարձեց իրենց այդ առիթով մեղադրողներին, որ ամբոխին դուրս հանած առաջնորդը այդ օրերին իր տնից երկու քայլ դուրս չարեց. «Ո՞վ է պատասխան տալու մարտի մեկի համար: Այն ժողովուրդը դարձավ ամբոխ ու տեղի ունեցավ այդ տհաճ իրադարձությունը»:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ մարտիմեկյան դեպքերի մեղավոր չէր Նիկոլ Փաշինյանն ու նրա նման ազնիվ գործիչները, որոնք երկար ժամանակ անցկացրին բանտերում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ