Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային ձեւաչափի մեջ չտեղավորվող մտավորականը

Դեկտեմբեր 22,2012 13:34

Այսօր Ռաֆայել Պապայանի ծննդյան օրն է

Ռազմիկ Մարկոսյանը, Ռաֆայել Պապայանի եւ Ռազմիկ Զոհրաբյանի հետ:

Անցյալ դարի 60-ականներին, երբ Խորհրդային Միության գաղափարախոսական   սառույցը շարժվեց, երկրի մի շարք հանրապետություններում, ինչպես նաեւ սոցճամբարում, սկսեցին տեղական՝ ոչ միութենական խնդիրներ վեր հանող շարժումներ ծավալվել: Դրանց պահանջները նույնքան տարբեր էին, որքան խորհրդային մանգաղով համահավասարեցված ազգություններն՝ իրենց իրական պատմությամբ ու խնդիրներով: Լեզվական, սոցիալական, էկոլոգիական այդ խնդիրների կողքին Հայաստանն առաջ քաշեց 1915թ. ցեղասպանության, իր պատմական հայրենիքի կորուսյալ հատվածի խնդիրը:

Մեր շարժման այդ կարեւոր, բայց հուզական փուլն արագ ավարտվեց: Դրան հաջորդեց քաղաքականապես  առավել հասուն ու կազմակերպված շրջանը, որ նշանավորվեց Ազգային Միացյալ Կուսակցության ստեղծմամբ: ԱՄԿ-ն խորհրդային ձնհալի թույլատրելի սահմանն անցավ՝ մեր ազգային պահանջատիրությունը տեղափոխելով քաղաքական անկախության համատեքստ: Դրան, բնականաբար,  հաջորդեցին բազմաթիվ դատավարություններ, կալանք ու աքսոր: Մարդու իրավունքների հելսինկյան համաձայնագիրը դարձավ մեր պայքարի գաղափարական հենասյուներից մեկը, ինչպես նաեւ այդ պայքարին միջազգային հնչեղություն տալու կռվանը: Համաձայնագրի պահանջները Հայաստանի քաղաքական-սահմանադրական պայքարի զարգացմանը զուգընթաց՝ օրեցօր խախտվում էին առավել կոպտորեն: 1975-ին ԱՄԿ-ի օրինական, բայց խստիվ հետապնդվող պայքարին սատարող խումբ նախաձեռնելու հրատապ խնդիրն իրենց վրա վերցրին այն ժամանակ Երեւանի պետական համալսարանի դասախոսներ Ռաֆայել Պապայանը, Էդմոն Ավետյանը եւ հնէաբան-պատմաբան Գեորգի Խոմիզուրին (ծածկանունը՝ Էռնեստ Կարաեւ): Հայկական հելսինկյան խումբը զբաղվում էր Խորհրդային Հայաստանում մարդու իրավունքների խախտումների բացահայտմամբ ու հրապարակմամբ: Նմանատիպ խմբեր ձեւավորվեցին միության մյուս հանրապետություններում: Այսպիսով, ԽՍՀՄ-ում ստեղծվեց մարդու իրավունքները սատարող քաղաքական-տեղեկատվական մի սարդոստայն, որի հայկական՝ առավել խոցելի եւ ուշագրավ հատվածի գործունեությանն իր կարեւոր ներդրումն ուներ երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանը: Նա ընթացք էր տալիս ու միջազգային հնչեղություն հաղորդում հայ քաղբանտարկյալների դիմումներին, հնարավորինս սատարում նրանց: Պապայանի այդ օրինական ու մարդասիրական գործունեությունը ԽՍՀՄ պետանվտանգության համակարգի աչքից չէր կարող վրիպել եւ չէր կարող չորակվել որպես «հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա»: Իսկ ԽՍՀՄ-ում դրան անհապաղ հետեւում էին կալանքն ու աքսորը, ինչով էլ մեծապես կասեցվեց հելսինկյան խմբին սատարելու նրա գործունեությունը:

ԽՍՀՄ-ում մարդու իրավունքի վերին սահմանը այդ իրավունքի ոտնահարումն էր, ազգային ինքնորոշման վերին սահմանը՝ բռնատիրությունը: Եվ հանցագործ էր նա, ով դեմ էր այդպիսի իրավունքին ու ինքնորոշմանը. հանցագործ կամ հոգեկան հիվանդ: Պատժիչ հոգեբուժության ժամանակաշրջանի զոհը դարձավ Ռաֆայել Պապայանի զինակից, մտավորական Էդմոն Ավետյանը, որն իր՝ խորհրդային ձեւաչափի մեջ չտեղավորվող գիտական-մանկավարժական գործունեությունը ստիպված եղավ ընդհատել՝ բռնի կերպով տեղափոխվելով հոգեբուժական հաստատություն:

Մինչդեռ այդ տարիները խորհրդային պատմության մեջ որակվում են որպես ձնհալի ժամանակաշրջան:

Ազգային ազատագրության պայքարին նվիրաբերված ցանկացած գործունեություն մեծ ներդրում է քաղաքական, պատմական մշակույթի շտեմարանում: Բայց որքան մեծ պիտի լիներ այդ ներդրումը, եթե այն խորհրդային բռնապետության շղթաներն ավերելու փոխարեն ուղղված լիներ գիտական մտքի զարգացմանը, եթե նրանք, ովքեր Սեւակի խոսքով ասած՝ «ստեղծում էին ու բանաստեղծում», իրենց ներդրումն ունենային ոչ թե ազգի ազատ ապրելու իրավունքը ստեղծելու, այլ այն օրավուր հաստատելու ու պահպանելու գործին միայն:

Ճակատագրի բարեհաճությամբ՝ Ռաֆայել Պապայանն իր մտավոր ներուժով կարողացավ նպաստել նաեւ Հայաստանի անկախության գործընթացին՝ մասնակցելով անկախ Հայաստանի պետականության հիմնադրմանն ու կառուցմանը: Ես, որպես զինակից, երջանիկ եմ, որ Պապայանին տեսա մեր երկրի կայացման կենսականորեն կարեւոր օղակներում, բայց որպես Պապայանի ընկեր, կուզեի նրան այսօր տեսնել մեր կողքին:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31