«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կուսակցության համագումարում իր ելույթում մի շարք խոստումներ տվեց: Ըստ նրա, եթե չկա պայքար, չկա առաջընթաց, եւ այն մարդիկ, ովքեր չեն ուզում պայքարել, բայց հաջողության հասնել, մարդիկ են, որոնք ցանկանում են բերք, առանց հողը մշակելու, ցանկանում են անձրեւ՝ առանց ամպրոպի. «Այս պայքարը կարող է լինել բարոյական, ֆիզիկական, կարող է լինել միաժամանակ թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական, բայց պետք է լինի պայքար: Այս խոսքերը կարող ենք վերագրել Հայ հեղափոխական շարժման որեւէ ղեկավարի, բայց վերաբերում է ահա այս շրջանին, որի մեջ գտնվում ենք մենք բոլորս: Գործող նախագահի հարգելի ճառագրերը վերջին շրջանում այնպիսի գեղեցիկ բառեր են գրում, այնպիսի ընդհանուր եզրույթ են օգտագործում, որ վերագրելի է գրեթե բոլորիս: Մի փոքր թույլ է արտաքին քաղաքականության մասը, Ջավախքի մասին որեւէ բան չկա, բայց ընդհանուր տերմինոլոգիան տեղին է եւ ողջունելի էր դա: Հայրենասիրություն, նոր Հայաստան, արդար Հայաստան, քաղաքացու իշխանություն, իրավունքի գերակայություն, կոռուպցիայի անկում, ժայթքում դեպի եվրոպական ապագա ու նաեւ մի եզր է օգտագործել՝ ջահակիր ենք: Մենք ոչ միայն ջահակիր ենք ՀՀ-ի: Բայց նա ունակ չէ խոսքից գործ վերածելու սեփական քաղաքականությունը, ուղենիշերը: Միայն մենք կարող ենք վերացնել կուսակցապետութունը Հայաստանի Հանրապետության: Օրենքն ընտրովի կիրառվում է՝ այս կամ այն քաղաքացուն պատժելու համար: Նախագահությունը պիտի ծառայի, ոչ թե հարստանա: Այս հինգ տարիների ընթացքում ոչ մի հարստացում: Ինքնաթիռի ծախսեր, հազար ու մի շռայլություններ իրավունք չունի նախագահն անել, քանի դեռ մեր երկիրն այս վիճակում է: Եթե պետք է, կարող է մի քանի տարի նախագահը էկոնոմ դասով ուղեւորվի, ոչ մի ամոթ բան չկա»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսանի, մեկ-երկու տարիների ընթացքում կարելի է այնպես անել, որ վերանա կուսակցապետությունը, հարկերը իջեցվեն, յուրաքանչյուր գրպանում փողը կավելանա՝ ոչ որպես ողորմություն՝ ընտրությունից առաջ, ընտրակաշառք, այլ՝ որպես հասանելիք աշխատավարձ:
Նա խոստացավ ավելացնել բոլոր աշխատավարձերը, ասաց, որ նախագահից սկսած՝ մինչեւ վարչապետներ, բոլորը պետք է ենթարկվեն միեւնույն օրենքին: ՀՀ-ն պետք է ունենա նոր Սահմանադրություն, որի միջոցով անցում պետք է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին:
Նա խոսեց նաեւ էներգետիկայի այլընտրանքային աղբյուրների մասին: Առաջարկեց ամեն մեկս մեր ներդրումը կատարենք բոլոր ոլորտներում. «Հայաստանն այնպիսի տնտեսական ծրագիր պետք է առաջարկի ժողովրդի ուղեղի մասնակցության վրա հիմնված, որ ինովացիոն քաղաքականությունը նոր զարկ ստանա: Հայաստանը տարածաշրջանի համար պետք է դառնա բիզնես ցանցային կենտրոն: Սա պետք է տեղի ունենա, երբ պաշտպանված լինի հայ մարդը, հայ քաղաքացին, ոչ թե ինչ-որ մեկի երաշխիքի ներքո, այլ՝ Սահմանադրությամբ պիտի պաշտպանված լինի: Սահմանադրությամբ, օրենքով եւ իրավունքով: Սա դառնալու է մեր արժեքային մայր ուղին՝ դեպի ապագան: Բանակը մեծագույն հպարտության աղբյուր է, պետք է ուժեղացնենք մեր բանակը ներդրում կատարենք թե՛ քանակական, թե՛ որակական: Բանակը պիտի ուժեղ լինի իր հայրենասիրությամբ: Կողմնակալությունը որեւէ տեղ չունի Հայոց բանակում, որտեղ շարքային զինվորները օգտագործվում են այս կամ այն շահի համար»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին եւ լինելու է ավելի հանրապետություն, քան Հանրապետական: Անդրադառնալով սարեր շուռ տալուն՝ նա բացատրեց, որ դրա իմաստը ով հասկացավ, որ խոսքը միայն սովորական սարի մասին չէր, այլ վախի սարի, հասկացավ, որ շարժվել է, ով՝ հեգնեց՝ չհասկացավ. «Փետրվարի 18-ին իմ կյանքի գնով մեր երկիրը դառնալու է սիրո, բարության, մեր սեփական վախը հաղթահարելու պետություն: Վերջապես մենք մեր պատասխանը տալիս ենք գործ անելու, ոչ թե խոսելու»: Նա նաեւ ասաց, որ նախագահական ընտրություններին մեկ անգամ, միասին ստեղծելու ենք նոր Հայաստան:
Ընթերցվեց ԵԺԿ նախագահի ողջույնի խոսքը՝ ուղղղված Րաֆֆի Հովհաննիսյանին
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ