Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանին ու նրա նմաններին «զոռով» պատգամավոր են դարձնում լրագրողնե՞րը

Դեկտեմբեր 22,2012 13:23

Երեկ «Առավոտը» Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանին հարցրեց, թե որպես ԶԼՄ-ի ղեկավար՝ ինչպե՞ս կգնահատի խորհրդարանի միջանցքում «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը: Արդյոք ՀՀԿ-ական պատգամավորի նման պահվածքը, խոսելաձեւը, բերանից հնչեցրած «Դավա՛յ, դավա՛յ, յալլա՛, կտամ ծնոտդ կպոկեմ» «մարգարիտները» չպիտի՞ նախեւառաջ անհանգստացնեն մեդիա ոլորտի պատասխանատուներին, չէ՞ որ նույնը կարող էր պատահել եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրողի հետ: «Մհեր Սեդրակյա՞ն, այդպես էր, չէ՞, էդ մարդու անունը, անձամբ չեմ ճանաչում, չգիտեմ իրեն, եւ հիմա միգուցե սխալ ու ոչ պոպուլյար բան կասեմ, բայց ես մտածում եմ՝ էդ ի՞նչ մի կարծիք պիտի ասեր, որ հանրությանը հետաքրքիր լիներ, ինչո՞ւ է լրագրողը ուզում հենց Մհեր Սեդրակյանից հարցազրույց վերցնել: Չգիտեմ, չեմ հասկանում էդ լրագրողին: Քանի որ Մհեր Սեդրակյանին չեմ ճանաչում եւ չեմ կարող կոնկրետ բան ասել, կուզենայի ասել մարդկային էդ տեսակի մասին: Այդ տեսագրությունից հասկացա, թե մոտավորապես ինչ տեսակի մարդ է էդ Մհեր Սեդրակյանը, մենք էլ Գյումրիում մոտավորապես ունենք էդ տեսակից՝ Վարդան Ղուկասյանն է: Մարդկային էդ տեսակի համար, կներեք բառիս համար, բայց ուզում եմ օգտագործել իրենց մատչելի լեզվով, ասեմ՝ ես «պրեդյավա» չունեմ, բայց ունեմ «պրեդյավա» երկրի որոշ շրջանակներում առաջին դեմք համարվող անձի հանդեպ: Հիշում եմ, որ Սերժ Սարգսյանն էր Մհեր Սեդրակյանի համար կոչ անում, որ ընտրվի, քարոզ էր տանում՝ այսպես ասած: Մարդկային էդ տեսակից ցանկացած հասարակության մեջ կա եւ պետք է լինի, բայց ինքը պետք է լինի իր բնի մեջ, իր բնից չպետք է դուրս գա: Մեր խնդիրն այն է, որ առաջին դեմքի մակարդակով մենք էդ մարդկանց հանել ենք իրենց բնից, եւս մեկ անգամ ներողություն բառիս համար՝ «պրախոդ» ենք տվել, եւ երկրի առաջին դեմքը հենվում է հենց էդ մարդկանց վրա: Իրենք նրա սյունն են, ատլանտների պես պահում են գահը, որի վրա նստած է Սերժ Սարգսյանը: Ես էդ մարդկանց հետ խնդիր չունեմ, բաց խնդիր ունեմ քաղաքական առաջին դեմքի հետ, ով իր իշխանությունը կառուցում է էս մարդկանց վրա եւ էս մարդկանց շնորհիվ»,- ասաց ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Ըստ նրա՝ Մհեր Սեդրակյանի վարքագծի համար առաջին հերթին պիտի պատասխան տա Սերժ Սարգսյանը՝ որպես վերջինիս քարոզիչ, այնուհետեւ այս ամենը հանդուրժող քաղաքացիները: «Սերժ Սարգսյանը քարոզ էր տանում Մհեր Սեդրակյանի համար կարծեմ Էրեբունիում, նրա համար առաջին հերթին պետք է պատասխան տա Սերժ Սարգսյանը, երկրորդ հերթին՝ էրեբունցին, գյումրեցին, որը երկար ժամանակ ուներ Վարդան Ղուկասյան, եւ ընդհանուր առմամբ՝ բոլոր այն հայաստանցիներս, ովքեր քվեարկել են իշխանական ռեսուրսը օգտագործած ու ընտրված Սերժ Սարգսյանի համար: Նաեւ Հայաստանի էն մյուս մասը պիտի պատասխան տա, ով չի կարողացել համոզել մնացածին չքվեարկել Սերժ Սարգսյանի՝ վարչական ռեսուրսների օգտին, այդ թվում նաեւ՝ ես, որ հանդուրժում ենք Սերժ Սարգսյանին եւ նաեւ նրա այն սյուներին, որոնց վրա ինքը հենվում է: Մեղավոր ենք մենք բոլորս՝ մենք, դուք, մնացած բոլորը»,- ասաց Վահան Խաչատրյանը: Մեր ճշտող այն հարցին՝ Դուք փաստորեն մեղավոր եք համարում լրագրողի՞ն՝ կարծելով, որ նա զոռով պատգամավոր է դարձնում Մհեր Սեդրակյանին ու նրա նմաններին, Վահան Խաչատրյանն ասաց. «Այո, լրագրողը մի քիչ լեգիտիմացրել է Մհեր Սեդրակյանին, նորից եմ կրկնում, միգուցե սխալվում եմ, բայց ես այդպես եմ կարծում: Սրանից մի քանի օր առաջ էլ մի ուրիշ տեսանյութ տեսա, որ հայտնի բիզնեսմենին (ի նկատի ունի ԱԺ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին) լրագրողները հարց էին տալիս, էլի չհասկացա էդ լրագրողներին, ովքեր ուզում էին կարծիք իմանալ էն մարդուց, ով որ չունի էդ կարծիքը: Չգիտեմ՝ էդ ի՞նչ մի բան պիտի արտահայտեր էդ մարդը, որ լրագրողները 7-8 հոգով, եթե ոչ ավելի, հարցեր էին ուզում տալ ու պատասխաններ ստանալ: Հետո դա հրապարակվեց բոլոր կայքերում, եթե չեմ սխալվում՝ ԳԱԼԱ-ի լրագրողն էլ կար, չգիտեմ՝ էդ ի՞նչ պիտի իմանար լրագրողը, որը չգիտեր, կամ ինձ՝ որպես նյութի սպառողի, ի՞նչ պիտի տար, որ ես էլ էդ նյութը կարդայի ու գոհ մնայի, որ էսինչ մարդը էսինչ կարծիքը հայտնեց: Դրա համար եմ կրկնում, որ մենք բոլորս՝ լրագրողները, բիզնեսմենները, սովորական մարդիկ մեղավոր ենք այն ամենի համար, ինչը որ ունենք, դրան արժանի ենք»:

Մեր այն հարցին էլ՝ մի՞թե խորհրդարանի ազգընտիրների կերպարը ցույց տալը լրագրողի պարտականությունների մեջ չի մտնում, պարոն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Ես դրա համար ասացի, միգուցե իմ կարծիքը ճիշտ չէ, սխալ է, ես չեմ ուզում պոլեմիկայի մեջ մտնել լրագրողների հետ ու որոշել՝ իրե՞նք են ճիշտ, թե՞ մենք՝ սպառողներս, բայց կարծում եմ, որ էդ մարդկանց պարզապես չնկատելը ավելի ճիշտ է, քան թե իրենցից կարծիք հարցնելն ու խոսեցնելը: Ես կարծում եմ՝ էսքան ժամանակ որ կորցրեցինք այդ մարդկանց մասին խոսելով ու հարցազրույց անելով, դա էլ է սխալ, չարժե այդ մարդկանց մասին էսքան երկար խոսել, մարդկային այդ տեսակը պետք է մնա իր բնի մեջ, բնից չի կարելի հանել, որովհետեւ հոտ է գալիս»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31