Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորն ու շտապը

Դեկտեմբեր 22,2012 13:11

«Աշխարհի վերջը», իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ «շուխուրը» ամեն մի մարդու, այնուամենյանիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչեւ «աշխարհի վերջը»՝ մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ՝ լավ է դա, թե վատ, բայց ես անձամբ ինձ համար այդպիսի գործեր չէի պատկերացնում: Այսինքն՝ չկա այնպիսի բան, որը ես «աշխարհի վերջից» առաջ կցանկանայի անել. «Ա՛խ, մի հատ էլ Էվերեստ բարձրանայի, մի հատ էլ պարաշյուտից թռնեի կամ «պլան» ծխեի՝ նոր աշխարհի վերջը գար»: Չկա նման անհետաձգելի գործ, առանց որի կյանքս կհամարեի անավարտ, ոչ լիարժեք: Իհարկե, ես ունեմ ծրագրեր ու ձգտումներ՝ ինչպես բոլոր կենդանի, շնչող մարդիկ այս երկրագնդում: Բայց դրանք «մեկ քայլանոց կոմբինացիաներ» չեն: Ենթադրենք, ես ծրագրում եմ այս ամիս այս գիրքը կարդալ, մյուս ամիս՝ այն մեկը: Ես հասկանում եմ, որ չեմ կարող մի քանի րոպեում գլխիս մեջ մտցնել այդ գրքերի բովանդակությունը՝ ես պետք է էջ առ էջ, տող առ տող, բառ առ բառ դրանք կարդամ: Ընդ որում, եթե ես ուզում եմ հասկանալ գրքի բովանդակությունը, ես պիտի այն կարդամ հենց այդպես, ոչ թե այնպես, ինչպես կարդում եմ ինտերնետային գրառումները: Օրինակ՝ իմ այս նշումների տակի մեկնաբանությունները. երբ տեսնում եմ այս կամ այն կեղծանունը, մոտավորապես գիտեմ, թե ինչ է ընթերցողը գրելու: Լուրջ գիրքն այդպես հնարավոր չէ կարդալ:

Գիրք կարդալը բերում եմ, ինչպես հասկանում եք, որպես օրինակ: Նույնը ծառն է կամ սիզամարգը. եթե ուզում եմ որեւէ արդյունքի հասնել, պարտավոր եմ դրանք պարբերաբար խնամել, ջրել, կտրել, սրսկել եւ այլն: Բնականաբար, շատ հնարավոր է, որ անձնապես իմ կյանքը դրա համար չհերիքի: Բայց դա աշխարհի վերջը չէ, որովհետեւ եթե այդ ծառը որեւէ մեկին պետք գա, նա կշարունակի իմ գործը այն տեղից, որտեղ ես կանգ եմ առել: Դա թմրանյութի «դոզա» չէ, որը կարելի է շտապ ընդունել եւ անմիջապես էյֆորիայի մեջ ընկնել:

Մեր ազգային հոգեբանության մեջ, հավանաբար, կա «վերջի» անհանգիստ սպասումը (պայմանավորված մեր ժողովրդին բաժին ընկած փորձություններով) եւ դրանից բխող յուրահատուկ անհամբերությունը՝ «երեք հատ դու շեշ քցեմ եւ մարս անեմ», «հիմա, հիմա», «հուպ տուր, աշխարհի վերջն է գալիս» եւ այլն: Այդպես, ցավոք սրտի, չի լինում: Ինչ-որ մի բան կարող է ծնվել միայն մեթոդիկ աշխատանքի արդյունքում:

Վերջերս հրաշալի ասացվածք եմ կարդացել՝ այն, ինչ շտապ է, կարեւոր չէ, այն, ինչ կարեւոր է, շտապ չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31